ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Իրանի՝ Պարսից ծոցի երկրների հետ նախատեսվող հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է AFP-ն։

«Ինձ համար միևնույն է։ Դա նրանց գործն է», — պատասխանել է Թրամփը լրագրողներին Իռլանդիա այցի ընթացքում, երբ նրան հարցրել են երկուշաբթի Օմանում նախատեսված հանդիպման մասին։

Ամերիկայի նախագահը նաև կրկին հայտարարել է, որ ակնկալում է այս տարի ավարտել Իրանի հետ պատերազմը։ Ըստ նրա, հակամարտությունը կարող է ավարտվել ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից կարճ ժամանակ անց, ինչը, ինչպես նա է կարծում, կհանգեցնի նավթի և բենզինի գների կտրուկ նվազմանը։

«Իրանը կավարտի [պատերազմը] անմիջապես հետո՝ գուցե մինչև այդ — բայց հաստատ միջանկյալ ընտրություններից շատ չանցած։ Բենզինի գները կընկնեն», — ասել է Թրամփը։

Նա պնդել է, թե Իրանը համառորեն ձգտում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել և մշտապես համապատասխան առաջարկներով դիմում է Վաշինգտոնին։

«Մի բան կասեմ ձեզ. Իրանը այնքան է ուզում գործարք կնքել։ Նրանք անընդհատ զանգում են։ Նրանք ուզում են պայմանավորվել։ Բայց գործարքը պետք է ճիշտ լինի։ Ես չեմ կնքի համաձայնագիր, որը մեզ չի համապատասխանում», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։