Բրիտանական Isembard ստարտափը Լոնդոնի կենտրոնում բացել է Երկրորդ աշխարհամարտից ի վեր խոշորագույն ռազմարդյունաբերական գործարանը, որը մասնագիտացված է բարձր տեխնոլոգիական ռազմական բաղադրիչների արտադրության մեջ։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում անելով ընկերության ղեկավարությանը։
«Ստարտափը Լոնդոնի կենտրոնում գործարկում է մի ձեռնարկություն, որը, ընկերության պնդմամբ, կդառնա քաղաքում Երկրորդ աշխարհամարտից ի վեր հիմնադրված ամենախոշոր ռազմական արտադրամասը», — նշված է հոդվածում։
Գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ֆիցջերալդի փոխանցմամբ՝ ընկերությունը նախկին տուգանային հրապարակի տեղում կառուցել է 160 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով քառահարկ համալիր։ Այս հզորությունների վրա նախատեսվում է ծավալել անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զինատեսակների, ռոբոտատեխնիկական համակարգերի, սուզանավերի և ռեակտիվ շարժիչների բաղադրիչների զանգվածային արտադրություն։ Ստարտափի պատվիրատուների թվում արդեն իսկ ընդգրկված են ամերիկյան Anduril-ը, բրիտանական Babcock International-ը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Այժմ փորձագետներն Isembard-ի շուկայական արժեքը գնահատում են շուրջ 500 միլիոն դոլար։ Ընդ որում, ձեռնարկությունը մտադիր է ֆրանշիզայի միջոցով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում ակտիվորեն ընդլայնել արտադրական ցանցը, որտեղ արդեն գործում է շուրջ 15 գործընկեր գործարան։ Մասնավոր ռազմական սեկտորի նման արագ թափով զարգացումն ընթանում է Բրիտանիայի կառավարության երկարաժամկետ ծրագրերի ֆոնին, որն այսօր պաշտպանությանը հատկացնում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 2,5%-ը և նպատակադրված է միջնաժամկետ հատվածում այդ ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ի։





























