Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունը Ստորին Սաքսոնիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կորցրել է 4,5 տոկոսային կետ։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունն ավելի քան երեք անգամ բարելավել է իր արդյունքը։ Այս մասին են վկայում քվեարկության նախնական տվյալները։
Ստորին Սաքսոնիայի շրջանային ՏԻՄ ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 13-ին։ Մասնակցությունը կազմել է 64,6%, ինչը 7,6 տոկոսային կետով բարձր է 2021 թվականի նախորդ շրջանային ընտրությունների ցուցանիշից։ Նախնական հաշվարկներով՝ ՔԴՄ-ն հավաքել է քվեների 27,2%-ը՝ 5 տարի առաջ գրանցած 31,7%-ի դիմաց։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) եզրափակել է լավագույն եռյակը 24,6% արդյունքով (նվազումը՝ 5,4 տոկոսային կետ)։
ԱԳՀ-ն ստացել է ընտրողների 15,9%-ի աջակցությունը, ինչը 11,3 տոկոսային կետով ավելի է, քան 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում։ Իրենց դիրքերն ամրապնդել են նաև «Ձախերը» (Die Linke)՝ ստանալով քվեների 6%-ը (աճը՝ 3,2 տոկոսային կետ)։ «Կանաչների» աջակցության մակարդակն չնչին նվազել է՝ հասնելով 14,1%-ի (նվազումը՝ 1,8 տոկոսային կետ)։ Այսպիսով, դաշնային մակարդակում իշխող ՔԴՄ-ն և ԳՍԴԿ-ն Ստորին Սաքսոնիայում կորցրել են աջակցության գրեթե 10 տոկոսային կետ, մինչդեռ ընդդիմադիր ԱԳՀ-ն և «Ձախերը» միասին ստացել են հավելյալ 14,5 տոկոսային կետ։
Անցկացված տեղական ընտրությունները յուրօրինակ նախափորձ էին 2027 թվականի սեպտեմբերին սպասվող Ստորին Սաքսոնիայի երկրամասային խորհրդարանի ընտրություններից առաջ։





























