Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը մայիսի 13-16-ը այցելել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգ, մասնավորապես` Կելոնա քաղաք եւ Օկանոգան հովտի շրջան, որոնք հայտնի են տնտեսական ոլորտում իրենց բարձր առաջընթացով եւ ակտիվ տնտեսական գործունեությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը ծանոթացել է խաղողագործական ընկերության (Ancient Hill), փայտամշակման արտադրության (Gorman), շինարարական խոշորագույն ընկերության (Stober Construction), Հյուսիսային Ամերիկայում օդանավերի վերանորոգման եւ օդաչուների նախապատրաստման առաջատար ընկերության (FlightCraft) գործունեությանը:

Արմեն Եգանյանն այցելել է նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններ (QVH Technologies, Rack Force), ինչպես նաեւ Բրիտանական Կոլուբիայի համալսարան:

Այցի ավարտին ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել քաղաքապետ Ուոլթըր Գրեյի հետ, որը ներկայացրել է քաղաքի զարգացման հիմնական ոլորտները:

Այցի ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության կարեւոր բնագավառները, երկրում առկա գործարար մթնոլորտը, ինչպես նաեւ առաջարկել է երկկողմ համագործակցության բազմաթիվ եզրեր: