Կանադան ցանկանում «աննախադեպ դաշինք» կնքել ԵՄ-ի հետ։ CBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։

«Այն, ինչին մենք ձգտում ենք և ինչի մասին պատրաստվում ենք բանակցություններ սկսել, Եվրոպական միության հետ աննախադեպ դաշինքն է։ Մենք կիսում ենք նույն արժեքները, ունենք նույն առաջնահերթությունները և միմյանց լրացնող ուժեղ կողմեր», — հայտարարել է Քարնին։

Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ Օտտավան «չի ձգտում անդամակցել Եվրամիությանը»։

Դրանից առաջ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրամիությունը և Կանադան ծրագրում են սեպտեմբերի 16-ին հայտարարել առևտրի, պաշտպանության և տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական դաշինքի ստեղծման մասին։ Գործակալության տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոր գործընկերության ծրագիրը ներկայացնելու է Ստրասբուրգում։

Նշվում է, որ կողմերը ձգտում են առավելագույն մերձեցման, սակայն Կանադայի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցության մասին խոսք չկա։ Գործընթացն արագացրեց 27,6 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ կանադական ապրանքների նկատմամբ 50-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի օգոստոսյան որոշումը։