Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետների խմբի հետ գտնվում էր էթնիկ զտման ենթարկված Արցախում, որտեղ մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես աղվանական։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«էթնիկ զտումից հետո սա արդեն մշակութային ցեղասպանության դրսևորում է», — ասաց Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի նախագահի դիրքորոշմամբ։
«Պատրաստվու՞մ եք դիրքորոշում հնչեցնել, որ Գանձասարը հայկական է, և, ի վերջո, հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք մի բառ անգամ ասել այն մասին, որ Գանձասարը հայկական է», — հայտարարեց պատգամավորը։
Ռուբինյանն ի պատասխան նշեց, որ իրենք բազմիցս ընդգծել են, որ վերագտնված խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի։
«Շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ… Ձեր մատնանշած հայտարարություններն օգտակար չեն խաղաղության համատեքստում։ Դրանք անհիմն են», — հայտարարեց ԱԺ նախագահը։
Նա դրական գնահատեց այն փաստը, որ «այժմ Հայաստանը գտնվում է խաղաղության պայմաններում»։
«Լավ է, որ մեր վեճերը նման հարցերի վերաբերյալ են և չեն արտահայտվում սահմանային բախումներով», — նշեց խորհրդարանի խոսնակը։











