Այս գիշեր Բաքվի տարբեր շրջանների շենքերի մուտքերում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումը դատապարտող եւ գեյ-շքերթների դեմ ուղղված բուկլետներ եւ  սկավառակներ են գտել:

Ինչպես տեղեկացնում է Turan-ը, բուկլետներում եւ  սկավառակներում քննադատվում է Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը, որով հետապնդում  են իսլամիստներին եւ համագործակցում սիոնիստների հետ: Այս քարոզչական նյութերը դրված են եղել միանման տոպրակներում:  CD-ների վրա  20 րոպեանոց ֆիլմ է ձայնագրված, որը պատմում է «իսլամի նահատակների մասին»:

Ֆիլմի մեկնաբանությունները կարդում է թավրիզցի դիկտոր Ասկեր Ֆարդիի ձայնին շատ նման ձայնով մեկը: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ սկավառակները կարող էին պատրաստված լինել Իրանում: Ֆիլմում նաեւ բնական աղետների կադրեր են, որոնք, ֆիլմի հեղինակի խոսքով, վրա կհասնեն բոլոր այն սրբապիղծներին, ովքեր Ադրբեջանում հետապնդում են իսլամիստներին: Մասնավորապես, հիշատակվում են մզկիթներ փակելու փաստերը, քաղաքացիների նկատմամբ բռնությունը, հիջաբ կրելու արգելքները:

ՆԳՆ-ից  եւ ԱԱՆ-ից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու Turan-ի փորձերը ապարդյուն են անցել: Համաձայն ոչ պաշտոնական տվյալների` այդ քարոզչական նյութերը տարածողներից մի քանիսն արդեն ձերբակալված են: