Սեպտեմբերի 14-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել են Սոչին և դրա արվարձանները։ Հարձակման և «ԱԹՍ-ների բեկորների ընկնելու» հետևանքով քաղաքում տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ «Չափահասներից մեկը հոսպիտալացվել է, մյուսներին անհրաժեշտ բոլոր բուժօգնությունը ցուցաբերվել է ամբուլատոր եղանակով», — ասված է հաղորդագրության մեջ։ Վնասվել է նաև երեք առանձնատուն, իսկ ԱԹՍ-ների այլ բեկորներ ընկել են ևս մի քանի օբյեկտների վրա, այդ թվում՝ ոչ բնակելի շենքի, թունելի շրջանում և առանձնատան բակում։ Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի տվյալներով՝ հարվածներ են հասցվել Կենտրոնական և Լազարևսկոյե շրջանների մի շարք հասցեներով։ Հրդեհներ են բռնկվել։

Սոչիի Լազարևսկոյե շրջանի մեջ է մտնում Դագոմիս ավանը, որը, ուկրաինական Supernova մոնիտորինգային ալիքի փոխանցմամբ, նույնպես ենթարկվել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների հարձակմանը։ Ականատեսների կադրերի համաձայն՝ գիշերը բնակավայրի երկնքում օդային թիրախներ են խոցվել։ Supernova-ն և «Крымский ветер»-ը պնդում են, որ Ուկրաինան խոցել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրը։ Հարձակման հաջողության վերաբերյալ հաստատումներ դեռևս չկան։ Տեղի բնակիչներից մեկը հայտնել է Դագոմիսում ռմբապաստարանի փակ լինելու մասին։ Պրոշունինն իր հերթին հայտարարել է, որ «քաղաքի ենթակառուցվածքները չեն տուժել և գործում են բնականոն ռեժիմով»։ Նախորդ անգամ ուկրաինական ծովային և օդային դրոնները Սոչիի վրա հարձակվել էին սեպտեմբերի 9-ի երեկոյան․ իշխանությունները հայտնել էին 28 տուժածի մասին։

Անցած գիշեր ռուսական ՀՕՊ և ՌԷՊ միջոցները «որսացել և ոչնչացրել են» ինքնաթիռային տիպի 399 ուկրաինական անօդաչու․ հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ Սարքերը խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի, Սմոլենսկի մարզերի, բռնակցված Ղրիմի, Կուբանի և Սև ծովի ակվատորիայի երկնքում։