Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կարծիքը անհիմն է և չի նպաստում խաղաղության օրակարգին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Արցախում մեր պատմամշակութային ժառանգությունը Հաջիևը ներկայացվում էր որպես աղվանական։
«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասել էի, նման հայտարարություններ՝ տհաճ, չնպաստող, լավն էլ, վատն էլ, լինելու են և ամեն անգամ այսպես հուզվել և բերել սարքել թեմա, ճիշտ չէ։ Եթե դուք իրենց սպասում եք ավելի կոշտ, կոպիտ արձագանք, չեք ստանալու»,–ասաց նա։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, ըստ որի, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից, մեր երկիրն անտեր կմնա, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Սրա հետ ամբողջությամբ համաձայն չեմ, այդ ե՞րբ է 102 բազան մեր տիրությունը արել, որ հիմա էլ անտեր մնանք։ ՀՀ վարչապետը իր դիրքորոշումը հայտնել է, որ մեզ համար միևնույն է, այդ ռազմաբազան կլինի, թե չէ։ Եթե իրենք ուզում են, որ մնա, ուրեմն պետք է քննարկեն հայկական կողմի հետ, եթե չեն ուզում մնա, խնդիր չկա, թող չմնա»։ Հիշեցմանը, որ վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել է, որ եթ գազի գինը ռուսական կողմը թանկացնի, հայկական կողմն էլ այլ բան կթանկացնի, հնարավո՞ր է, որ առաջիկայում ռազմաբազայի հետ կապված ծախսերի թանկացում լինի, Արմեն Խաչատրյանը չբացառեց նման հնարավորությունը. «Չեմ կարող ասել, բայց որևէ բան բացառել պետք չի»։











