Սեպտեմբերի 13-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում ծառայողները հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի փայտանյութով բեռնված։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ էկոպարեկային ծառայությունից:
Ավտոմեքենայի վարորդ Հ.Ղ.-ն փայտանյութի օրինականությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Դեպքի առթիվ կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս:
«Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է անտառային տարածքներում իրականացնել հետևողական և շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով արձագանքելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։




























