Անդրբայկալի երկրամասում անասունների էմֆիզեմատոզ կարբունկուլի (էմկար) պատճառով կարանտին է սահմանվել։ Խոսքը Չիտայի շրջանի Շիշկինո և Տունգոկոչենի շրջանի Նիժնի Ստան գյուղերի մասին է, որոնք միմյանցից 250 կմ հեռավորության վրա են գտնվում, հայտնում է «Լյուդի Բայկալա» պարբերականը։ Տարածաշրջանային իշխանությունները հայտնել են, որ կարանտինային գոտում պատվաստում են ու բուժում կենդանիներին, փոխանցում է «Սիբիրսկի էքսպրեսը»։ «Կենդանիների առգրավում չի իրականացվում։ Վարակված բնակավայրում արգելված է հիվանդ կենդանիների ներկրումը, արտահանումն ու մորթը։ Արգելվում է նաև կողմնակի անձանց մուտքը տարածք», — ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Էմկարը հիմնականում ախտահարում է խոշոր եղջերավոր անասուններին։ Բնորոշ ախտանիշներն են՝ այտուցվածությունը, 40-41 աստիճան ջերմությունը, մկանային այտուցներն ու կաղությունը։ Վարակված կենդանիներին մեկուսացնում են, որոնցից շատերը շուտով սատկում են, իսկ առողջներին՝ պատվաստում։ Կարանտինը կարող է հանվել վերջին վարակակրի ապաքինումից կամ անկումից, ինչպես նաև սանիտարական մշակումից երկու շաբաթ անց։ Անդրբայկալը Սիբիրի (որն վարչականորեն ընդգրկված է Հեռավորարևելյան դաշնային օկրուգում) արդեն առնվազն երրորդ տարածաշրջանն է, որտեղ վերջին շրջանում անասունների վարակի բռնկումներ են արձանագրվել։ Իրկուտսկի և Տյումենի մարզերի ֆերմերներից արդեն սկսել են առգրավել կենդանիներին և զանգվածաբար մորթի ենթարկել։

Իրկուտսկի մարզի իշխանությունները հայտարարել էին ընտանի կենդանիների շրջանում հանգուցավոր մաշկաբորբի տարածման մասին։ Մորթի են ենթարկվել կովեր, այծեր, ոչխարներ և խոզեր։ Հաղորդվում էր, որ վարակման գոտում են հայտնվել Բուտիրկի, Կոտի և Տուրսկայա գյուղերը, և արդեն մորթվել է ավելի քան հարյուր գլուխ անասուն։

Տյումենի մարզի մի շարք շրջաններում սեպտեմբերին խոզերի զանգվածային մորթի նոր ալիք է իրականացվում, ինչը, իշխանությունների պնդմամբ, պայմանավորված է հիվանդության տարածման ռիսկով։ ՌԴԿԿ տեղական բաժանմունքի անդամները, ինչպես նաև որոշ տեղացիներ ու «գյուղատնտեսության մասնագետներ» նշում էին, որ խոսքը խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին է։ Սեպտեմբերի սկզբին այս տեղեկությունը հաստատեցին տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությունից։ Մի քանի շրջաններում, ինչպես և Իրկուտսկի մարզի տարածքի մի մասում, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։