Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մտածելու ունակությունն ու ինքնապաշտպանական բնազդը պետք է դրդեն հարց տալու՝ ինչո՞ւ է այս արշավն իրականացվում քաղաքական ընդդիմադիր առաջատար ուժերի և նրանց առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կայացած «Աշխարհաքաղաքական «գործ» N1» ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով YerevanToday-ի այն հարցին, թե ո՞վ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող գործընթացների իրական պատվիրատուն, և արդյո՞ք Ադրբեջանի ազդեցության մասին հնչող տեսակետը միակ վարկածն է։
«Սրանք իրավական գործընթացներ չեն։ Մենք դեմ չենք իրավական գործընթացներին, բայց դրանք պետք է իրականացվեն օրենքի ուժով՝ չխախտելով մարդկանց սահմանադրական իրավունքներն ու անմեղության կանխավարկածը։ Դեռևս որևէ ապացուցված գործ, որևէ դատական վճիռ չունենալու պարագայում Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն արդեն դատավճիռներ են հնչեցնում։ Անմեղության կանխավարկածի տոտալ խախտումը դարձել է մեր իրականությունը։
Իսկ ովքե՞ր են այս իրականության շահառուները։ Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ՝ նախ և առաջ շահառուն օրվա իշխանությունն է, որը պատրաստ է հերթական զիջումների, ծաղրանքի ու նվաստացման»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն իր հերթին Ռոբերտ Քոչարյանի կալավորման շահառուների թվում առաջինը նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հիշեցնելով, որ Արցախի նախկին նախագահներն այժմ գտնվում են անազատության մեջ։
«Այնուհետև հասկանում ենք, թե Արևմուտքն ինչ խնդիր և ինչ շահ ունի Հայաստանի հետ կապված։ Նա Ռուսաստանի հետ պայքարի խնդիր ունի, ընդհուպ՝ երկրորդ ճակատ ստեղծելու խնդիր՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։ Հասկանալի է, թե որն է Արևմուտքի շահը։ Հասկանալի է նաև թուրք-ադրբեջանական շահը՝ միջանցք ունենալը, պանթյուրքական գաղափարը և այլն։ Հասկանալի է նաև, թե որն է Ռուսաստանի շահն այստեղ։
Վազգեն Սարգսյանը՝ Սպարապետը, ասում էր՝ Մեղրին դարձել է աշխարհաքաղաքական մեծ կենտրոնների շահերի բախման վայր։ Այսինքն՝ բոլորն այստեղ ունեն իրենց շահերը։
Այստեղ անհասկանալի է մեկ բան՝ մեր երկրի ղեկավարությունը հայկական ո՞ր շահն է առաջ տանում։ Ո՞րն է մեր շահը, ի՞նչ է իշխանությունը հետապնդում այս ամենի արդյունքում»,- նշեց նա։











