Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն այս պահին կայուն է ու բավարար, սակայն սրտի երկու ստենտավորումից հետո նա պետք է շարունակի մնալ սրտաբանի հսկողության տակ։ Սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ Քոչարյանի ինքնազգացողությունը զգալիորեն լավացել է կալանավորման օրվա համեմատ։
Փաստաբանի խոսքով՝ այդ օրը Քոչարյանն ունեցել է հիպերտոնիկ ճգնաժամ և առողջական վիճակը թույլ չէր տալիս շարունակել դատական նիստը։ Սողոյանը պատմել է, որ պաշտպանական թիմին միանալու հիմնական պատճառներից մեկը եղել է հենց Քոչարյանի բժշկական փաստաթղթերի՝ էպիկրիզների ու մյուս նյութերի ուսումնասիրությունը։ Դրանք ակնհայտ են դարձրել, որ կալանավորման պահին նախագահի առողջական վիճակը իսկապես լուրջ է եղել։
Միևնույն ժամանակ, փաստաբանը բժշկական մանրամասներ չի հայտնել՝ հղում անելով հենց Քոչարյանի դիրքորոշմանը, ով դեմ է իր առողջության վերաբերյալ հանրային հայտարարություններին։
Սողոյանի համոզմամբ՝ այդ օրվա իրադարձությունները փաստում են, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախապես կայացրած որոշում է եղել, որն էլ փորձում էին անցկացնել՝ աչք փակելով նրա առողջական վիճակի վրա։ «Ակնհայտ էր, որ այդ օրը հստակ հրահանգ կար, որ պաշտոնաթող նախագահը պետք է կալանավորվի։ Դատախազներն ու մյուս իրավապահները խուճապի մեջ էին. ժամանակն սպառվում էր, բայց ոչինչ չէր ստացվում։ Սակայն առողջական վիճակն իսկապես թույլ չէր տալիս դա անել», — եզրափակել է Տաթևիկ Սողոյանը։





























