Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող դերասանուհի, արվեստագետ Փելին Բաթուն Haberturk հեռուստաընկերության ուղիղ եթեր հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե աշխարհում ամենամեծ պոռնոարխիվը գտնվում է Թուրքիայի զինված ուժերում։

Հաղորդման թեման եղել է միասեռականների իրավունքները, որի ժամանակ հաղորդման հյուրերից մեկը նշել է, թե անհանգստացնող է զինվորական ծառայությունից ազատված միասեռականներին տրվող ազատման թերթիկների բովանդակությունը։

Հաղորդման մյուս հյուրը՝ Փելին Բաթուն ասել է, թե Թուրքիայի զինված ուժերում է գտնվում աշխարհի ամենամեծ պոռնոարխիվը։ Նա նշել է, թե այդ ամենն իրեն պատմել են նույնասեռականները, որոնց բանակից ազատելու համար պահանջել են ակտի տեսագրություններ ու ֆոտոներ։ «Այս թեմայով ի վերջո ֆիլմ էլ ստեղծվեց»,-նշել է թուրք դերասանուհին՝ նկատի ունենալով Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Զեննե» ֆիլմը։

Նշենք, որ թուրքական Vatan-ի թղթակից Մուսթաֆա Մութլուն ամիսներ առաջ գրել էր, որ, բանակում ծառայել չցանկացող նույնասեռականները պետք է ապացուցեն իրենց սեռական կողմնորոշումը։ «Դրա համար զինվորական բժիշկներից կազմված հանձնաժողովը նրանցից պահանջում է հարաբերությունների ժամանակ արված լուսանկարներ, որոնք էլ կցվում են այդ անձանց գործերին եւ պահվում։

Դրա համար էլ աշխարհի ամենամեծ պոռնոարխիվը գտնվում է Թուրքիայի զինված ուժերում։  Նշվում է, որ այն անձինք, ովքեր լուսանկարներ չեն բերում, նրանց նկատմամբ այնպիսի փորձ են իրականացնում, որ...։  Ոչ իմ դաստիարակությունը, ոչ էլ մարդկությունը  թույլ չի տալիս դա այստեղ գրեմ»,-նշել էր թուրք լրագրողը։

Հիեշեցնենք, որ թուրք դերասանուհու հիշատակած «Զեննե» ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա, որը ներկայացնում է մի նույնասեռականի կյանքը, ում ընտանիքը չհամակերպվելով նրա կողմնորոշման հետ, սպանում է նրան։

NEWS.am-ը ներկայացնում է «Զեննե» ֆիլմից մի հատված։