Յուրաքանչյուր քրիստոնյա հայի համար՝ անկախ նրանից քաղաքական պաշտոն զբաղեցնում են, թե ոչ, սա խորը վիրավորանք պետք է ընկալվի, սա առաջին հերթին հարված է մեր ինքնությանը, մեր պատմությանը և մշակույթին, փորձ էր արվում ծաղրի միջոցով ներկայացնելու Հայաստանի պատմությունը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Արցախում մեր պատմամշակութային ժառանգությունը Հաջիևը ներկայացվում էր որպես աղվանական։
«Հեգնանքով է խոսում եկեղեցու, հայկական պատմության մասին։ Փորձ է արվում շատ տգեղ և շատ անհարգալից մոտեցմամբ, ներկայացնել, որ այն եկեղեցիները, որոնք դարեր շարունակ պատկանել են հայ ժողովրդին, դրանք ոչ թե հայկական են, այլ ինչ-որ այլ ազգի պատկանող»։ Նա անընդունելի համարեց իշխող ուժից հնչող հայտարարությունները, թե պետք է ուշադրություն դարձնել Հաջիևի հայտարարություններին, այլ այն առաջընթացին, որը կա հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. «Ինչ է, թե խաղաղություն ասված փչած փուչիկը կա, պե՞տք է արդյոք սակարկել կամ զիջման գնալ այնպիսի հարցերում, որոնք մեզ, որպես հայ, որպես ազգ և որպես մշակույթ ներկայացնող տարր են ամբողջ գլոբուսի վրա ներկայացնում։ Սա բացարձակապես անընդունելի ձևակերպում է և հաճո ադրբեջանական այսօրվա իշխանություններին։
Ես վստահ եմ, որ ՔՊ-ականների մեջ կան մարդիկ, որոնք նույնպես վիրավորանք են ապրել, բայց ելնելով այսօրվա իրենց քաղաքական առաջնորդի հայտարարությունից, չեն կարողանում այլ դիրքորոշում հայտնել:
Իլհամ Ալիևը վիրավորում էր հայ ժողովրդին, անձամբ վիրավորում էր Նիկոլ Փաշինյանին, հիմա Հաջիևը վիրավորում է հայ ժողովրդին։ Պնդումները, որ եկեք չսրենք, չասենք, զիջենք, խոսում է մի բանի մասին, որ այս այս իշխանությունը կամ ունի վախեր ադրբեջանական իշխանության նկատմամբ, կամ էլ չեն կարողանում խոստումների տակից դուրս գալ, որոնք որ մինչև այդ տվել են»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ վարչապետ Փաշինյանը սպառնալիք էր համարել այն, որ «Ուժեղ Հայաստանի» պատգմավորները գնացել էին Տիգրանաշեն և հայտարարել, որ այն հայկական է, Դավթյանն ասաց. «Վաղն էլ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել՝ անգամ խաչակնքվելն է պատերազմի սպառնալիք, որովհետև դա ոտնահարում է մուսուլմանների հոգևոր արժեքը։ Ես համարում եմ, որ խիստ մտահոգիչ և կասկածելի վարք է Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքական վարքը, հատկապես Տիգրանաշենի մասով։ Ես նաև կարծում եմ, որ սա կարող է քաղաքական խայծ լինել, շատ խոսել Տիգրանաշենի մասին, հետո տալ այնպիսի տարածքներ, որոնք Տիգրանաշենի մասով չունեն ընդհանրություններ ու ասել՝ տեսեք, ես Տիգրանաշենը փրկեցի։ Ինձ համար մեր հայրենիքի մեկ սմ անգամ զիջումը սրբապղծություն է»։
Գառնիկ Դավթյանը հավաստիացրեց, որ Տիգրանեշենի մասով իրենց խմբակցությունում սցենարներ քննարկվում են, թե ինչպես տանել պայքարը. «Այսօրվա իշխանությունները չեն ծառայում Հայաստանի ժողովրդի շահին, նպատակն է խաղաղության քողի հողի տակ, որը բնավել խաղաղություն չէ, հնարավորինս մաքսիմալ զիջել Ադրբեջանին, որպեսզի վաղը մյուս օրը իշխանափոխության ժամանակ Ադրբեջանը ավելի լավ դիրքերում լինի, քան Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ամբողջ պատմությունը»։





























