Իտալիայում լիցեյի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է երկուսի. Հիվանդանոցում մահացել է ծանր վնասվածքներ ստացած երկու ուսանողուհիներից մեկը:

AFP-ի ճշտված տվյալներով, տուժել է ութ մարդ, նրանք ծանրության տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

Իրավապահները պարզել են, որ պայթուցիկ սարքը իրար միացված գազի երկու բալոն  է եղել: Այն դրված է եղել լիցեյի մուտքի մոտ` պատի տակ:

Նաեւ նշվում է, որ կրթական հաստատությունում սովորում են առավելապես «Նորաձեւություն եւ հանրային ծառայություններ» մասնագիտությամբ  աղջիկներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը,  Իտալիայի հարավում գտնվող  Բրինդիզի քաղաքում  մայիսի 19-ին պայթյուն է որոտացել: Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում (10:00 երեւանյանով) , երբ ուսանողները գնալիս են եղել դասի:

Ինչպես հայտնում է vesti,ru-ն, տեղական քննիչները ենթադրում են, որ պայթյունի ետեւում կարող է մաֆիան լինել: Լիցեյն անվանակոչված է դատավոր Ֆրանչեսկա Մորվիլո Ֆալկոնեի` մաֆիայի դեմ հայտնի մարտնչող Ջովանի Ֆալկոնեի կնոջ  պատվին:  Նրանք միասին մահացել  էին Պալերմո քաղաքում 1992թ. մայիսի  23-ին ավտոմեքենայի պայթյունից: Այսօր  Բրինդիզի  պետք է ժամաներ «հիշատակի քարավան», նվիրված նրանց մահվան 20-ամյակին: