Կրեմլում նշել են, որ 2025 թվականի օգոստոսին նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված «Անքորիջի պայմանավորվածություններն» այլևս չեն գործում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը։ «Այսպես կոչված «Անքորիջի փոխզիջումը» վերջնականապես տապալված է։ Կարող ենք այլևս չանհանգստանալ դրա մասին, թեման փակված է»,— ասել է նա նախորդ շաբաթավերջին Կիևում կայացած 22-րդ «Յալթայի համաժողովի» ժամանակ, փոխանցում է BBC-ն։
Այդ համաձայնության մանրամասները մինչև վերջ հայտնի չեն։ Կարծիք կա, որ այն Ուկրաինայում պատերազմն ավարտելու ոչ պաշտոնական ծրագիր է, որի ուրվագծերը Թրամփն ու Պուտինը քննարկել են Անքորիջի (Ալյասկա) ռազմաբազայում։ Կրեմլը պնդում էր, որ դրա շրջանակում ամբողջ Դոնբասը պետք է հանձնվեր իրեն՝ Ուկրաինայի հարավում ռազմաճակատի գիծը «սառեցնելու» դիմաց։ Փաուելի խոսքով՝ Մոսկվան այլևս չի պնդում, թե իբր ԱՄՆ-ը համաձայնել է, որպեսզի Կիևն Անքորիջի բանակցությունների արդյունքում հրաժարվի իր տարածքներից ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերից։
Բրիտանիայի վարչապետի խորհրդականի խոսքով՝ սա հնարավորություն է տալիս բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու իրական ուղիներ փնտրել՝ «փոխանակ պարզապես սպասելու, որ ուկրաինացիները կզիջեն այն հողերը, որոնք ռուսներին այդպես էլ չհաջողվեց գրավել»։ «Մեր ռազմավարությունը նպատակաուղղված է բավարար ճնշում գործադրելուն, որպեսզի [Պուտինն] ինքը ցանկանա նստել բանակցությունների սեղանի շուրջ»,— ընդգծել է Փաուելը։
Նա նաև նշել է, որ Թրամփն այժմ «առաջվա պես չի հակվում դեպի Պուտինը»։ «Նա տեսնում է, որ Ուկրաինայում իրավիճակը բարելավվում է... Կարծում եմ՝ սա իսկապես մեծ առավելություն է»,— ասել է բրիտանացի պաշտոնյան։
Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը Կրեմլում երբեք չեն հստակեցրել։ Bloomberg-ի աղբյուրները հայտնում էին, որ Պուտինն առաջնորդվում էր Թրամփի այն համաձայնությամբ, ըստ որի՝ Ուկրաինան պետք է ամբողջությամբ զիջեր Դոնբասը։ Մինչդեռ The Washington Post-ի զրուցակիցների տվյալներով՝ ՌԴ նախագահը պահանջում էր ռուսական վերահսկողությանը հանձնել Ուկրաինայի այն չորս մարզերը, որոնք բռնակցվել էին 2022 թվականին։
Վաշինգտոնում, միևնույն ժամանակ, հերքում են Անքորիջում որևէ վերջնական համաձայնության գոյությունը և նշում են, որ խոսքն ընդամենը արված առաջարկների մասին է։





























