Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող վտարել, քանի որ նման մեխանիզմ պարզապես գոյություն չունի։ Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում «Մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների, և մյուս կողմից՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Փաստաթուղթը ներկայացնող էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Նարեկ Հովակիմյանը հայտնել է, որ վավերացումից հետո Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսատուրքերն ամբողջությամբ կհանվեն կամ աստիճանաբար կնվազեցվեն։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է, թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում, և արդյոք կա Միության շուկային այլընտրանք։
«Հստակ ասեք՝ ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե երկիրը դուրս գա կամ նրան հեռացնեն ԵԱՏՄ-ից։ Ո՞րն է այլընտրանքը։ Քանի՞ տարի անց եվրոպական շուկան կկարողանա փոխարինել դրան», — հարցրել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև հիշեցրել է հայկական արտահանման մոտ 7% նվազման մասին՝ հետաքրքրվելով, թե առաջիկայում առկա շուկաների ո՞ր մասը կկարողանա փոխարինել Ինդոնեզիայի շուկան։
Ի պատասխան՝ Հովակիմյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ և մտադիր է առավելագույնս օգտագործել այդ միությանն անդամակցությունից բխող հնարավորությունները։ Ծագող խնդիրները, այդ թվում՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական առանձին ապրանքների մատակարարման սահմանափակումները, պաշտոնական Երևանը փորձում է լուծել հենց ԵԱՏՄ շրջանակում նախատեսված մեխանիզմներով։
Միևնույն ժամանակ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է երկրի արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։
«Դիվերսիֆիկացիան այլընտրանք չունի։ Այդուհանդերձ, որոշակի ռիսկեր պարունակող սցենարներ պետք է քննարկվեն։ Այս պահին Էկոնոմիկայի նախարարությունն ու Կառավարությունը ելնում են նրանից, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և շարունակելու ենք աշխատել այդ տրամաբանությամբ», — ասել է պաշտոնյան։
Դրանից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է երկիրը Միությունից հնարավոր հեռացման վերաբերյալ Խամոյանի դիտարկմանը։
«Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող վտարել։ Նման մեխանիզմ պարզապես չկա», — վստահեցրել է խորհրդարանի փոխխոսնակը։





























