Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Ջոն Սուինին, «Ուելսի կուսակցության» ղեկավար Ռին ապ Յորվերթը և իռլանդական «Շինն Ֆեյն» կուսակցության փոխնախագահ Միշել Օ’Նիլը Քարդիֆում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով ամրագրել են յուրաքանչյուր ազգի ինքնորոշման իրավունքի աջակցությունը, ինչպես նաև տնտեսական ու այլ ոլորտներում համագործակցությունը։

Այս մասին հաղորդում է Sky News-ը։ Կողմերը համաձայնել են համագործակցել «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գործնական ոլորտներում, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի, ավելի ուժեղ ու արդար տնտեսության ձևավորման, Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև սեփական ապագան ինքնուրույն որոշելու՝ յուրաքանչյուր ժողովրդի իրավունքին աջակցելու հարցերում»։

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Շոտլանդիայի ազգային կուսակցությունն ու «Ուելսի կուսակցությունը» կողմ են Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի և Ուելսի անկախացմանը, իսկ «Շինն Ֆեյնը» ձգտում է Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի միավորմանը Իռլանդիայի Հանրապետության հետ։

Սուինին պահանջել է առաջիկա հինգ տարիների ընթացքում Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվե անցկացնել (նախորդ հանրաքվեն անցկացվել էր 2014 թվականին, և այդ ժամանակ բնակչության 55%-ը քվեարկել էր Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին)։ Օ’Նիլը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի իշխանություններին կոչ է արել սահմանային հանրաքվեի օր նշանակել մինչև 2030 թվականը։ Ռին ապ Յորվերթն իր հերթին հայտարարել է, որ Ուելսի անկախության և դրա ժամկետների հարցը «Ուելսի ժողովրդի ձեռքում է»։

Քաղաքական գործիչները Մեծ Բրիտանիային կոչ են արել «պատրաստվել սահմանադրական փոփոխություններին յուրաքանչյուր իրավազորությունում, ծրագրել դրանք և աջակցել դրանց իրականացմանը»։