Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն՝ չնայած այն կոչերի ուժեղացմանը, ըստ որոնց 210 միլիարդ եվրոն ուղղվի ֆինանսական միջոցների պակաս զգացող Ուկրաինային լրացուցիչ աջակցություն ցուցաբերելուն, հաղորդում է Euronews-ը։

Շվեդիան, Նիդերլանդները, Լեհաստանը և Իսպանիան՝ Բալթյան երկրների աջակցությամբ, խնդրել են Եվրահանձնաժողովին մշակել այս ակտիվների օգտագործման նոր իրավական տարբերակներ։

Ուկրաինան աջակցել է այս նախաձեռնությանը և առաջարկել է ԵՄ կառավարմամբ դեպոզիտարիա ստեղծել՝ «Euroclear»-ում պահվող ակտիվների պահպանման համար․ այն դեպոզիտարիան է, որը գտնվում է Բրյուսելի կենտրոնում։

Այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի 122 պատգամավորներից կազմված միջխմբակցական խումբը հանձնաժողովին նամակ է ուղարկել՝ կոչ անելով «վերսկսել քաղաքական քննարկումը» ակտիվների վերաբերյալ և առաջ տանել պահառուական կառույց ստեղծելու գաղափարը, որպեսզի «հաղթահարվեն» Բելգիայի առարկությունները։

Սակայն ուրբաթ հանձնաժողովը փորձել է զսպել այս նախաձեռնության թափ հավաքելը։

«Սա հիմնական խնդիր չէ,- հայտարարել է հանձնաժողովի գլխավոր մամուլի խոսնակ Պաուլա Պինյուն։- Մենք շատ ենք աշխատել այս հարցի վրա, բայց այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է այլ խնդիրների վրա»։

Հանձնաժողովի առաջնահերթությունները, պարզաբանել է Պինյուն, ընդգրկում են երկու ուղղություն։

Նախ՝ շարունակել 90 միլիարդ եվրոյի վարկի փուլային հատկացումը, որը ծածկում է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնությունը։

Երկրորդ՝ համագործակցել Ուկրաինայի կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ճշգրտորեն որոշվի բյուջետային ճեղքի ծավալը։