Հաջորդ շաբաթ Թբիլիսիում սպասում են Էրիկ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի որդուն և The Trump Organization-ի գործադիր փոխնախագահին։ Նա պետք է մասնակցի Trump Tower Tbilisi-ի պաշտոնական ներկայացմանը, հաղորդում է «Новости Грузия»-ն։
Խոստանում են համապատասխան մասշտաբներ․ միայն միջազգային հյուրերի և ներդրողների համար փակ գալա-երեկոն կարժենա ավելի քան 1 միլիոն դոլար։
Trump Tower-ը կդառնա The Downtown Tbilisi համալիրի կենտրոնական աշտարակը, որը բաղկացած է վեց երկնաքերից՝ նախկին ձիարշավարանի տարածքում։
Բարձրությունը՝ մոտ 259 մետր, մինչև 70 հարկ։ Եթե նախագիծն իրականացվի հայտարարված տեսքով, դա կլինի Վրաստանի ամենաբարձր շենքը։
Համալիրում ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 2 միլիարդ դոլար, իսկ միայն Trump Tower-ի ուղղակի շինարարական ծախսերը՝ ավելի քան 200 միլիոն դոլար։
Գները նույնպես մտադիր են ռեկորդային սահմանել․ վաճառքների մեկնարկին՝ 7–10 հազար դոլար մեկ քառակուսի մետրի համար, վերին հարկերում՝ մինչև 15 հազար դոլար։
Աշտարակը նախագծում է Gensler միջազգային բյուրոն, իսկ գլխավոր կապալառուին, ամենայն հավանականությամբ, կընտրեն Թուրքիայի կամ Ադրբեջանի խոշոր ընկերությունների շարքից։
Շինարարության համար հողատարածքը ձեռք են բերել Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի հիմնադրամից։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ վճարումների ընդհանուր գումարը կազմել է մինչև 85 միլիոն դոլար, ընդ որում վերջնական հաշվարկն ավարտվել է այս տարվա հուլիսին։





























