ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկուշաբթի օրը չեղարկել է ածխային և գազային էլեկտրակայանների ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակող կանոնները, գրում է The Hill-ը։

«Այս քայլի հետևանքով էներգետիկ ոլորտը, որը մեծապես նպաստում է ԱՄՆ-ում կլիմայի փոփոխությանը, հնարավորություն կստանա ջերմոցային գազեր արտանետել առանց պետական վերահսկողության», — նշում է պարբերականը։

Ըստ The Hill-ի՝ այս որոշումից կշահի հանածո վառելիքի արդյունաբերությունը, սակայն գլոբալ տաքացմանը նպաստող աղտոտիչ նյութերի արտանետումները կտրուկ կավելանան։

Թեև նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանի սահմանափակումների մեծ մասը չեղարկվում է, ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) ղեկավարի օգնական Աարոն Սաբոն լրագրողներին հայտնել է, որ Բայդենի և Բարաք Օբամայի օրոք ընդունված որոշ դրույթներ, միևնույն է, ուժի մեջ կմնան։

Սաբոյի խոսքով՝ այս քայլերը «ամերիկյան ընտանիքներին ու ընկերություններին թույլ կտան նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը՝ առաջարկի ավելացման հաշվին»։

Գործակալության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ակնկալվում է, որ նոր կանոնները կօգնեն խնայել 310 միլիարդ դոլար։

The Hill-ը նկատում է նաև, որ այս որոշումներն ընդունվում են էլեկտրաէներգիայի բարձր պահանջարկի և գների աճի ֆոնին, ինչը մնում է լուրջ քաղաքական խնդիր։

Պարբերականը հիշեցնում է, որ Բայդենի վարչակազմի օրոք գործող կանոնները պահանջում էին ածխային և նոր գազային էլեկտրակայաններից կանխել ածխաթթու գազի արտանետումների 90%-ը։