Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը մայիսի 19-ին Խարկովի հիվանդանոցում այցելել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Նա այնտեղ մնացել է շուրջ երեք ժամ եւ հեռացել առանց մեկնաբանությունների:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունում վստահեցնում են, որ հիավանդանոցային պայմանները դուր են եկել եվրոպացի պաշտոնյային: Հայտնի չէ, թե նա անձամբ ինչու հրապարակային հայտարարություն չի արել:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, խորհրդարանականի ավտոմեքենան կանգ չի առել լրագրողների եւ Տիմոշենկոյի համակիրների խմբի մոտ:
Խարկովի Պետական բանտային ծառայության վարչության պետի տեղակալ Անդրեյ Լապինսկին լրագրողներին հայտնել է, որ Յացեկ Պրոտասեւիչը շփվել է Տիմոշենկոյի հետ շուրջ երկու ժամ: Հանդիպումն առանց երրորդ անձանց է ընթացել, իսկ պալատի երկրորդ հիվանդը հանդիպման ընթացքում տեղափոխվել է այլ հիվանդասենյակ: Դրանից հետո Պրոտասեւիչը ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել շփման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաեւ նշել է հիվանդանոցի հարմարավետ պայմանների մասին: Նա ասել է, որ իր տեսած ամեն ինչը համապատասխանում է եվրոպական մակարդակին:




























