Իմ ունեցած տվյալներով՝ Գյումրիում մինչ օրս շուրջ 2000 ընտանիք ապրում է տնակներում։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ, հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ 2018 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, թե Գյումրին այլևս աղետի գոտի չի լինելու։

«2018 թվականից անցել է 8 տարի, և մինչ օրս՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջ ընթացքում, Գյումրիում պետական միջոցներով ոչ մի բնակելի շենք չի կառուցվել։ Տնակներում ապրող ոչ մի մարդ չի տեղափոխվել նորմալ բնակության պայմաններ», — ասել է Մխիթարյանը։