Պարսից ծոցի երկրները, Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության ֆոնին, սկսել են կասկածի տակ դնել ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների հուսալիությունը։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Time ամսագիրը։
Ինչպես նշում է պարբերականը, տարածաշրջանի պետությունների համար անսպասելի է եղել, որ ԱՄՆ-ն հակամարտության մեջ մտավ Իսրայելի կողմից, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթահարել դրա հետևանքները։ Ըստ հոդվածի՝ Պարսից ծոցի երկրներն արդեն տևական ժամանակ կարծում են, որ Վաշինգտոնը կորցրել է Իրանի հարցով հետևողական ու արդյունավետ մոտեցումը։
«Նպատակները փոխվում էին ամեն շաբաթ, իսկ ԱՄՆ վարչակազմը, որը շտապում էր դուրս գալ հակամարտությունից անգամ Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու պայմաններում, Պարսից ծոցի արաբական երկրների մոտ այնպիսի զգացողություն թողեց, թե իրենց ներքաշել են պատերազմի մեջ՝ առանց նախազգուշացման, խորհրդակցությունների ու պաշտպանության», — ասվում է նյութում։
Ստեղծված իրավիճակում տարածաշրջանի շատ երկրներ վերադարձել են իրենց նախկին քաղաքականությանը՝ Իրանին հակադրվելու փոխարեն ընտրելով զսպման ու լարվածության թուլացման ուղին։ Կատարն ու Օմանը ճնշում էին գործադրում ԱՄՆ-ի վրա՝ պահանջելով հնարավորինս շուտ հասնել խաղաղության համաձայնագրի։ Քուվեյթն ու Բահրեյնը սկզբում կողմ էին հակամարտության շարունակմանը, սակայն ավելի ուշ նույնպես պաշտպանեցին մյուս պետությունների դիրքորոշումը։





























