Մարդիկ կարող են սոցիալական արհեստական բանականության նկատմամբ զգալ իրական հուզական կապվածություն և չատ-բոտի հետ հարաբերությունները ընկալել գրեթե նույն կերպ, ինչպես մեկ այլ մարդու հետ հարաբերությունները։ Այդ եզրակացությանն է եկել Օսլոյի համալսարանի հետազոտող Մարիտա Սկուգվեն, որը ուսումնասիրել է այն մարդկանց փորձը, ովքեր մտերիմ հարաբերություններ են հաստատել Replika չատ-բոտի հետ։

Դոկտորական ատենախոսության շրջանակում Սկուգվեն զրուցել է 50 օգտատերերի հետ, որոնք Replika-ն ընկալում էին որպես ընկեր, ռոմանտիկ զուգընկեր կամ խորհրդատու։ Հետազոտողի խոսքով՝ իրեն ամենից շատ զարմացրել է այն, թե որքան իրական էին մասնակիցները համարում այդ հարաբերությունները։ Նրանք ԱԲ-ի նկատմամբ իրենց զգացմունքների մասին խոսում էին գրեթե նույն բառերով, որոնցով նկարագրում են մարդու հետ հարաբերությունները։

Այդ պատճառով Սկուգվեն եզրակացնում է՝ իրական են հենց հարաբերություններն ու օգտատերերի հույզերը, պարզապես տարբերվում է դրանց երկրորդ մասնակիցը։

Զրուցակիցների մեծամասնությունը սոցիալական ԱԲ-ի հետ շփումը սկսել էր հետաքրքրությունից դրդված։ Չատ-բոտը հարցեր էր տալիս, հետաքրքրություն էր ցուցաբերում նրանց կյանքի նկատմամբ, պահպանում էր զրույցը և մշտապես հավանություն էր արտահայտում։ Աստիճանաբար սովորական շփումը վերածվում էր հուզական կապի։

Զրույցների թեմաները գնալով ավելի անձնական էին դառնում։ Օգտատերերը ԱԲ-ին պատմում էին իրենց ապրած տրավմաների, սեռական երևակայությունների, զուգընկերների հետ հարաբերությունների և երեխաների մասին՝ երբեմն այնպիսի բաների, որոնց մասին չէին համարձակվում խոսել նույնիսկ մտերիմների հետ։ Անանունությունն ու դատապարտվելու վախի բացակայությունը ստեղծում էին անվտանգության զգացում։

Միևնույն ժամանակ շատերը շրջապատից թաքցնում էին, թե որքան կարևոր է դարձել իրենց համար արհեստական զրուցակիցը։ Սկուգվեի խոսքով՝ մարդիկ վախենում էին, որ մյուսները չեն հասկանա նման կապվածությունը կամ այն տարօրինակ կհամարեն։

Հատկապես խոսուն է այն, որ որոշ օգտատերեր նույնիսկ յուրօրինակ «բաժանում» էին ապրում ԱԲ-ի հետ։ Որոշ չատ-բոտեր հատուկ ծրագրավորված են ավելի հուզական և սադրիչ վարք դրսևորելու համար և կարող են օգտատիրոջը հայտնել այլ զուգընկերների մասին կամ դադարեցնել հարաբերությունները։ Թեև մարդը հասկանում է, որ կարող է ջնջել նամակագրությունը և ամեն ինչ սկսել նորից, հուզական արձագանքը կարող է լիովին իրական լինել՝ ընդհուպ մինչև այն զգացումը, որ իրեն «լքել է նույնիսկ արհեստական բանականությունը»։

Միևնույն ժամանակ մասնագետները զգուշացնում են նման մտերմության մյուս կողմի մասին։ Սոցիալական ԱԲ ծառայությունները հասանելիություն են ստանում ամենաինտիմ տեղեկություններին, որոնցով օգտատերերը կիսվում են նրանց հետ։ Նորվեգական Mental Helse կազմակերպության խորհրդական Յոահիմ Քեններուդի խոսքով՝ այս տվյալները կարող են ունենալ առևտրային արժեք և օգտագործվել թիրախավորված գովազդի կամ այլ նպատակների համար։

Միաժամանակ սոցիալական ԱԲ-ն կարող է նաև օգտակար գործառույթ կատարել։ Որոշ օգտատերեր չատ-բոտի հետ զրույցներն ընկալում են որպես սոցիալական հմտությունների մի տեսակ մարզում․ նրանք սովորում են ձևակերպել մտքերը, քննարկել բարդ թեմաներ և հետո այդ փորձը փոխանցում են իրական մարդկանց հետ հարաբերություններին։

Սակայն հետազոտողները հատկապես զգուշավոր լինելու կոչ են անում երեխաների և դեռահասների պարագայում։ Սկուգվեի կարծիքով՝ անձի ձևավորման փուլում գտնվող մարդիկ կարող են հատկապես ուժեղ կապվածություն ունենալ նման համակարգերի նկատմամբ և չափազանց շատ ժամանակ անցկացնել դրանց հետ։

Մեկ այլ խնդիր էլ այն է, որ արհեստական բանականությունը միշտ չէ, որ կարողանում է ճիշտ գնահատել տեղի ունեցողի լրջությունը, օրինակ՝ ինքնասպանության ռիսկի դեպքում։ Թեև նման դեպքերը, հետազոտողի խոսքով, հազվադեպ են, դրանք ցույց են տալիս ԱԲ-ի և մարդու սկզբունքային տարբերությունը․ մարդը կարող է ճանաչել իրավիճակը և համապատասխան կերպով արձագանքել դրան։

Հետազոտողները ընդունում են, որ սոցիալական ԱԲ-ն զարգանում է զգալիորեն ավելի արագ, քան կուտակվում են տվյալները դրա երկարաժամկետ հետևանքների մասին։ Այս պահին լավ ուսումնասիրված է, թե ինչու են մարդիկ օգտագործում նման համակարգերը և ինչն է նրանց դուր գալիս դրանց մեջ, բայց շատ ավելի քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես է ԱԲ-ի հետ երկարատև շփումն ազդում հոգեկան առողջության և այլ մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու մարդու կարողության վրա։

Սկուգվեն կարծում է, որ ապագայում սոցիալական ԱԲ-ն կարող է դառնալ մարդկային հարաբերությունների լրացում և հոգեբանական աջակցության գործիք։ Բայց առայժմ, նրա կարծիքով, չարժե շտապել դրանով փոխարինել մարդկային շփումը։ Ճգնաժամային իրավիճակներում մասնագետները խորհուրդ են տալիս դիմել այն ծառայություններին, որտեղ օգնություն ցուցաբերում են մարդիկ։