Ինչպե՞ս և ում է անցել Գյումրու քաղաքային հրապարակում գտնվող «Ցայգ» հեռուստաընկերության «գեղեցիկ հողատարածքը»։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ պատասխանելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին։
Վերջինիս, մասնավորապես, դուր չէր եկել Մխիթարյանի «անհարմար» պատասխան-հարցը, որով նա հակադարձել էր Բաղդասարյանին։
Բաղդասարյանն իր հերթին Մխիթարյանին կոչ է արել այդ հարցով դիմել Գլխավոր դատախազություն։
«Ես նույնիսկ պահանջում եմ դա։ Հակառակ դեպքում, կներեք, բայց չեմ կարողանա հարգել ձեզ։ Թող քրեական գործ հարուցեն, որովհետև այդ գործով ձեզ դատարան կկանչեն սուտ վկայության համար։ Ես դա ձեզ երաշխավորում եմ», — ասել է իշխող խմբակցության ներկայացուցիչը։
Ընդդիմադիր պատգամավորն էլ ընդգծել է․ «Տիկի՛ն Բաղդասարյան, անկեղծ ասած, չհասկացա, թե ինչու այդքան կտրուկ արձագանքեցիք»։





























