Իտալական հարավային Բրինդիզի քաղաքի հիվանդանոցի բժիշկները հերքել են լրատվամիջոցների տարածած լուրը լիցեյի մոտի պայթյունի երկրորդ տուժածի մահվան մասին:

Sky TG24  հեռուստաալիքը, վկայակոչելով բժիշկներին, հաղորդել է, որ երկրորդ աղջիկը չափազանց ծանր վիճակում է, բայց ողջ է: 

Միաժամանակ Հռոմի իշխանությունները  հրաժարվել են մայիսի 19-ի երեկոյան «Թանգարանային գիշեր» միջոցառման անցկացումից: Ինչպես հաղորդել է Հռոմի քաղաքապետ Ջաննի Ալեմանոն, այն չի կայանա սգի եւ վշտի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը,  Իտալիայի հարավում գտնվող  Բրինդիզի քաղաքում  մայիսի 19-ին պայթյուն է որոտացել: Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 8-ի սահմաններում (10 Երեւանի ժամանակով) , երբ ուսանողները գնալիս են եղել դասի: Զոհվել է 16-ամյա ուսանողուհի, ութ մարդ վիրավորվել է:

Լիցեյն անվանակոչված է դատավոր Ֆրանչեսկա Մորվիլո Ֆալկոնեի` սիցիլիական մաֆիայի դեմ հայտնի մարտնչող Ջովանի Ֆալկոնեի կնոջ  պատվին:  Նրանք միասին երեք թիկնապահներով հանդերձ զոհվել  էին Պալերմո քաղաքում 1992թ. մայիսի  23-ին կազմակերպված ահաբեկչության հետեւանքով:

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, քննիչների վարկածներից մեկի համաձայն պայթյունի թիկունքում կարող է մաֆիան լինել: