Ռուսական ֆրեգատը երկու ազդանշանային հրթիռ է արձակել Դանիայի զինված ուժերի ուղղաթիռի ուղղությամբ։ Այդ պահին ուղղաթիռը Գեդսերի մերձակա միջազգային ջրերում լուսանկարելուց է եղել նավը։ Այս մասին հայտնել են Դանիայի զինված ուժերը՝ հավելելով, որ հրթիռներից մեկն անցել է անմիջապես ուղղաթիռի կողքով։ Հաղորդագրության մեջ ռազմանավի անունը չի նշվում։ Դանիայի Ռազմաօդային ուժերի հրամանատար Յան Դամի խոսքով՝ ազդանշանային հրթիռը կարող էր դիպչել ուղղաթիռին կամ զինվորականներին։ «Լուսանկարելիս ուղղաթիռի դուռը բաց է եղել»,- պարզաբանել է նա։ Ռազմական վերլուծաբան Քենեթ Էլենշլեգեր Բուլն էլ նշում է, որ կատարվածը թռիչքների անվտանգությանն ուղղված սպառնալիք է, և ռուսական կողմը նման քայլի դիմելու որևէ հիմք չուներ։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ տեղի ունեցածը լուրջ միջադեպ է համարում և այն դիտարկում է Եվրոպայում Ռուսաստանի վարքագծի համատեքստում։ «Ռուսաստանն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, սաստկացնում է Եվրոպայի դեմ հիբրիդային պատերազմը և փորձում ՆԱՏՕ-ի ամրությունը»,- ընդգծել է նա։ Դանիայի ԱԳՆ-ն միջադեպի առնչությամբ կանչել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինին։ «Սա բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։
Ռուսական նավի մասնակցությամբ ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել հունիսին՝ Լա Մանշ նեղուցում։ Այն ժամանակ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը ազդանշանային հրթիռներ էր արձակել և նախազգուշական կրակոցներ բացել բրիտանական Bright Future մասնավոր առագաստանավի հարևանությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում էր, թե առագաստանավը չի պատասխանել կապ հաստատելու փորձերին և մոտեցել է ֆրեգատին մինչև 150 մետր։





























