Հորմուզի նեղուցի տևական փակման և ողջ աշխարհում վառելիքի պաշարների նվազման ֆոնին համաշխարհային վառելիքային ճգնաժամն արդեն իրականություն է դարձել, գրում է The Wall Street Journal-ը։
«Ամերիկյան նավթային ընկերություններն ամիսներ շարունակ զգուշացնում էին, որ Հորմուզի նեղուցի երկարատև փակումն անխուսափելիորեն հանգեցնելու է վառելիքային ճգնաժամի։ Այժմ, նրանց գնահատմամբ, այդ ճգնաժամն արդեն վրա է հասել»,- նշված է հոդվածում։
Պարբերականի տվյալներով՝ ավելի քան վեց ամիս է, ինչ աշխարհում կտրուկ կրճատվում են վառելիքի առևտրային պաշարները, իսկ ռազմավարական պահուստներից օգտվելու հնարավորությունները նույնպես մոտ են սպառմանը։ Իրավիճակն ավելի է սրվել Սաուդյան Արաբիայում նավթամուղի վնասման պատճառով, ինչի հետևանքով շուկայից դուրս է մնացել օրական շուրջ 2,5 միլիոն բարել նավթ։
Chevron-ի ղեկավար Մայք Վիրթը հայտարարել է, որ այն մեխանիզմները, որոնք նախկինում մեղմում էին մատակարարման խափանումների հետևանքները, գրեթե սպառված են։ Նրա խոսքով՝ նավթի գների արագ էժանացումն այժմ քիչ հավանական է թվում։
Ընդգծվում է, որ այս ամենի ֆոնին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի մեկ գալոնի գինը հասել է ռեկորդային՝ 6,23 դոլարի (մոտ 1,64 դոլար՝ մեկ լիտրի համար), իսկ բենզինինը՝ 4,32 դոլարի (մոտ 1,14 դոլար՝ մեկ լիտրի համար)։ Այդուհանդերձ, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խափանումները ժամանակավոր է համարում։





























