Մենք իշխանություններին համոզելու բան չունենք, մեր աշխատանքը հիմնականում ժողովրդի հետ է։ Այս մասին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կարծես քաղաքական որոշում կա, որ իրեն, Դավիթ Ղազինյանին, Էդգար Ղազարյանին ուզում են զրկել պատգամավորական մանդատից, արդյոք իրենք կառուցողական հուն են մտել, որպեսզի քրեական գործերի շրջանակներում չզրկվեն մանդատներից։
«Մեր հիմնական դաշտը աշխատանքային դաշտն է, ի բարօրություն մեր ժողովրդի, մոտեցումը մի քիչ այլ է, պետք է ռակուրսը փոխենք մտածելակերպի, մենք ամեն ինչ անում ենք, որ մարդկանց կյանքին կոնկրետ էֆեկտ տվող հարցերի հասնենք, իսկ իրենց համոզելու մենք բան չունենք, արդեն ամեն ինչ պարզ է իրենց մոտ։ Գերնպատակը փոփոխություն է, մանդատը գործիք է»,–ասաց նա։
Անդրադառնալով Տիգրանաշենի հնարավոր հանձնման հարցին, Նարեկ Կարապետյանն ասաց. «Մենք ունենք խումբ, որն աշխատում է, սիրով պատրաստ ենք լսել յուրաքանչյուր մասնագետի այդ հարցով»։
Ինչ վերաբերում է ՔՊ–ական Սասուն Միքայելյանի հետ իր լուսանկարին ԱԺ դահլիճում հարց քննարկելիս, նա ասաց. «Պրոցեսներ են տեղի ունենում Ազգային ժողովի դահլիճում, որը միկրոֆոններով չի լսվում։ Այդ պրոցեսները պարզաբանման կարիք ունեն, և այդ պարզաբանումները երբեմն տեղի են ունենում միկրոֆոններից այն կողմ՝ դահլիճի մեջ»։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 15–ին, Հակակոռուպցիոն դատարանում նշանակված է ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական վարույթով առաջին դատական նիստը։
Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 միլիարդ դրամ գրավ խափանման միջոցները:





























