Եթե երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը պահպանվի, հայկական ապրանքների համար սպառման շուկաների առումով սահմանափակումներ կստեղծվեն։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նկատեց, որ շուկաների սահմանափակման պայմաններում ներդրողները կշռադատում և գնահատում են՝ արժե՞ արդյոք ներդրումներ անել այս կամ այն ոլորտում, թե՝ ոչ։
Գալստյանը նաև վստահեցրեց, որ արտերկրում գտնվող աշխատանքային միգրանտների ուղարկած գումարներից կախվածությունը էապես նվազել է։ Նրա խոսքով՝ դա չէ Հայաստան կապիտալի հոսքի աճի հիմնական գործոնը։
Կենտրոնական բանկի նախագահը հավելեց, որ կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում զբոսաշրջիկների թիվը նվազել է։ «Այնուամենայնիվ, առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում ժամանողները գալիս էին երկիր և կարճ ժամանակ անց հեռանում, նրանք այժմ երկար են մնում՝ լրացուցիչ պահանջարկ ձևավորելով տնտեսությունում», — նշեց Գալստյանը։
Նրա գնահատմամբ՝ այս տարի լոլիկն էժանացել է 53%-ով, դեղձը՝ 57,7%-ով, ծիրանը՝ 55,8%-ով։ «Սա կապված է Ռուսաստանի գործոնի հետ», — պարզաբանեց ԿԲ ղեկավարը։
Նա նաև հայտնեց, որ քաղաքացիներն ավելի ակտիվորեն են սկսել օգտվել առողջապահական համակարգի ծառայություններից. որոշ ուղղություններով երկնիշ աճ է արձանագրվել։




























