Պեկինի կենտրոնական հրապարակը՝ աշխարհի խոշորագույն քաղաքային կենտրոններից մեկը, Թյանանմենը, մի վայր է, որտեղ Չինաստանի պատմությունը զգացվում է ամեն մի մետրի վրա։ Հատուկ NEWS.am-ի համար պատմում ենք, թե ինչու Երկնային կայսրության բնակիչների համար սա պարզապես հսկայական բաց տարածք չէ, այլ ազգային խորհրդանիշն ու երկրի գլխավոր հաշվարկային կետը։

Հրապարակի անվանումը թարգմանվում է որպես «Երկնային անդորրի դարպասներ»։ Հենց այս դարպասների պատշգամբից 1949 թվականին Մաո Ցզեդունն ազդարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումը։ Գլխավոր մուտքի վերևում տեղադրված առաջնորդի հսկայական դիմանկարը վաղուց դարձել է Պեկինի ամենաճանաչելի տեսողական խորհրդանիշը։

Այս հրապարակից է սկիզբ առնում նաև չինական բոլոր ավտոճանապարհների հաշվարկը. դրա հարավային դարպասների մոտ տեղադրված է «Զրոյական կիլոմետրի» նշանը։ Անմիջապես մոտենալ դրան չի հաջողվի, քանի որ տարածքը ցանկապատված է, սակայն չինացիների համար բուն հրապարակը մնում է ամբողջ երկրի խորհրդանշական կենտրոնը։

Նույնիսկ սովորական օրերին Թյանանմենն ապրում է իր յուրահատուկ ռիթմով։ Մարդիկ նախապես գալիս են այստեղ և տեղավորվում հենց հրապարակում՝ սպասելով արշալույսին ու մայրամուտին անցկացվող պետական դրոշի բարձրացման կամ իջեցման ավանդական արարողությանը։

Խիստ մթնոլորտը լրացնում են սև համազգեստով պահակները, որոնք կանգնում են կոկիկ սև հովանոցներով։

Սովորական ճանապարհորդի համար Թյանանմեն այցելությունը նախնական պատրաստվածություն է պահանջում։ Այստեղ հենց այնպես հայտնվել չի ստացվի․ գործում է անցագրային ռեժիմ։ Մուտքն ազատ է, սակայն այցը պետք է նախապես ամրագրել WeChat հավելվածի միջոցով։ Ամենահարմար տարբերակը մետրոյով Արևելյան Թյանանմեն, Արևմտյան Թյանանմեն կամ Քիանմեն կայարաններ հասնելն է, որից հետո անհրաժեշտ է զննում անցնել անցակետում։

Օգտակար խորհուրդներ այցելությունից առաջ․

  • Անձնագրի բնօրինակը․ անպայման վերցրեք ձեզ հետ անձնագրի բնօրինակը։ Առանց դրա անցակետով չեն թողնի անցնել, իսկ պատճենը կամ հեռախոսի մեջ եղած լուսանկարը չեն գործում։

  • Դյուրավառ սարքերի արգելք․ Խստիվ արգելվում է կրակայրիչներ, լուցկի կամ այլ վառիչ միջոցներ տանել հրապարակ․ դրանք անմիջապես առգրավվում են զննման պահին։

  • Ժամանակի պաշար․ անցակետն առանց շտապողականության անցնելու համար ավելի լավ է ժամանակը նախապես հաշվարկել, քանի որ մուտքի մոտ հաճախ հերթեր են լինում։

Դիանա Առուշանյան, Պեկին