Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, նշանակված է ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական վարույթով առաջին դատական նիստը հետաձգվեց։

Դատախազը նիստից րոպեներ առաջ է դատավոր Լևոն Պետրոսյանի աշխատակազմին տեղեկացրել, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չէր եկել։ Այսօր պետք է քննարկվեր նաև Ալեքսան Ալեքսանյանի կալանքի հարցը։

Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ խափանման միջոցները:

Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, նա «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։

Ըստ մեղադրանքի՝ նրանց նպատակն է եղել ապօրինի գործունեության միջոցով ազդել 2026թ. հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում դրա հիման վրա ձևավորված դաշինքի օգտին առավել շատ ձայներ ապահովել, ինչպես նաև այդ քաղաքական ուժի աջակիցների մեծ թվաքանակի տպավորություն ստեղծել։ Մեղադրանքի համաձայն՝ Ալեքսանյանը և Նարեկ Կարապետյանը նախապես համաձայնության են եկել և 2025թ. սեպտեմբերի 9-ին ստեղծել «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը։ Այն ստեղծվել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներն իրականացնելու, այլ իրական նպատակը քողարկելու համար։

Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հավաքներին մասնակցելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի օգտին ընտրական գործընթացներին աջակցելու նպատակով։

Այդ սխեմայի միջոցով շրջանցվել են այն սահմանափակումները, որոնց պատճառով Նարեկ Կարապետյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ները չէին կարող քաղաքական կամ ընտրական նպատակներով գումարներ փոխանցել տարբեր անձանց և կազմակերպություններին։

Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով իրականացված գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանը և այլ անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորություններն ու դրանցից բխող ազդեցությունը, կատարել են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու դրվագով ավելի քան 150 անձ է հարցաքննվել, որոնցից որևէ մեկը չի հայտնել, որ նման առաջարկ եղել է։

Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, ապա կա միայն օպերատիվ տվյալ, ինչը, պաշտպանների պնդմամբ, չի անցել դատական վերահսկողության որևէ երաշխիքով, հետևաբար, այն չի կարող հիմք հանդիսանալ անձին որևէ ենթադրյալ հանցանք մեղսագրելու համար, այն էլ՝ փողերի լվացման։