ՆԱՏՕ-ն «անպատասխանատու գործողություն» է անվանել Ռուսաստանի հետ կապված այն միջադեպը, երբ ռուսական ֆրեգատը նախօրեին ազդանշանային հրթիռներ էր արձակել Դանիայի ռազմական ուղղաթիռի ուղղությամբ՝ Գեդսեր քաղաքին մերձ միջազգային ջրերում, հաղորդում է TV2-ը։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Էլիսոն Հարթը դանիական Ritzau լրատվական գործակալությանը տված գրավոր մեկնաբանությունում հայտնել է, որ Դանիան դաշնակիցներին տեղեկացրել է ռուսական նավի հետ կապված միջադեպի մասին։
«Սա Ռուսաստանի ևս մեկ անպատասխանատու գործողություն է՝ ուղղված դաշնակիցներին ահաբեկելուն։ Սակայն Ռուսաստանին դա չի հաջողվի»,- հայտարարել է Հարթը։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն կշարունակի պաշտպանել իր տարածքը և աջակցել Ուկրաինային։
Միջադեպը տեղի է ունեցել Դանիայի հարավային ափերին մերձակա միջազգային ջրերում։ Ըստ ՆԱՏՕ-ի հայտարարության՝ ռուսական ֆրեգատն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ռազմական ուղղաթիռի ուղղությամբ։




























