ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) ղեկավարի պաշտոնում առաջադրված Լյուկ Լինդբերգի թեկնածությանը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով փաստաթղթին և ՄԱԿ-ի ներկայացուցչին։

ՄՆ գյուղատնտեսական գերատեսչությունում բարձր պաշտոն զբաղեցնող Լինդբերգին առաջարկել են Գուտերիշը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցյու Դունյուն։ Սեպտեմբերի 11-ով թվագրված համապատասխան նամակն ուղարկվել է WFP-ի գործադիր խորհրդի նախագահին։

Փաստաթղթում նշվում է, որ պաշտոնին հավակնել է ընդհանուր առմամբ 54 մարդ։ Ինը թեկնածու ներառվել է կարճ ցուցակում, որից հետո հատուկ հանձնաժողովը խորհուրդ է տվել Լինդբերգին։

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը Reuters-ին հաստատել է, որ կազմակերպությունը ստացել է կադրային հանձնաժողովի առաջարկությունը, այն փոխանցել Համաշխարհային պարենային ծրագրին և այժմ սպասում է գործադիր խորհրդի որոշմանը։

Ինչպես Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում աղբյուրը, ակնկալվում է, որ WFP-ի գործադիր խորհուրդն ուրբաթ կհաստատի Լինդբերգի թեկնածությունը։ Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս չեն մեկնաբանել նրա առաջադրումը։

WFP-ն հայտնում է, որ այս տարի մոտ 300 միլիոն մարդ բախվում է սովի ճգնաժամային մակարդակի։ Կազմակերպության գնահատմամբ՝ իրավիճակը սրում է Իրանի մասնակցությամբ պատերազմը։

Համաշխարհային պարենային ծրագիրը ստեղծվել են ՄԱԿ-ը և FAO-ն՝ պարենամթերքի պակասի բախված բնակչությանն արտակարգ օգնություն ցուցաբերելու համար։

ԱՄՆ-ը մնում է WFP-ի ամենախոշոր դոնորը՝ չնայած Թրամփի օրոք ամերիկյան ֆինանսավորման կրճատմանը։ Ավանդույթի համաձայն՝ կազմակերպությունը ղեկավարում է ԱՄՆ քաղաքացի, որը կապված է Հանրապետական կուսակցության հետ։

WFP-ին տրամադրվող ամերիկյան օգնության մի մասը տրամադրվում է բնաիրային ձևով կամ ամերիկյան ծագման պարենամթերքի գնման պայմանով, ինչը միաժամանակ աջակցում է ԱՄՆ գյուղատնտեսական արտադրողներին։