ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ այս շաբաթավերջին բանակցություններ կվարի Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի հետ, դրանց թվում՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների շրջանցման հարցով, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի ակնկալվող բանակցություններից կարճ ժամանակ առաջ։
Երեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում ելույթ ունենալով՝ Բեսենթը հայտնել է, որ Վաշինգտոնն արդեն Պեկինի հետ քննարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի պահպանումը։
«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել երեք բանկի նկատմամբ։ Չինաստանի հետ շատ լավ փակ բանակցություններ ենք վարել, ես հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն այս շաբաթավերջին, երբ հանդիպեմ իմ չինացի գործընկերոջ՝ փոխվարչապետ Հե Լիֆենի հետ»,- ասել է նախարարը։
Ըստ Բեսենթի՝ Վաշինգտոնը միաժամանակ կշարունակի այս հարցի քննարկումը Սի Ծինփինի ԱՄՆ առաջիկա այցի ընթացքում։ Ակնկալվում է, որ Չինաստանի առաջնորդը սեպտեմբերի 24-ին կայցելի Վաշինգտոն և կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Բեսենթի և Հե Լիֆենի բանակցություններն ավելի վաղ սպասվում էին սեպտեմբերի կեսին և պետք է դառնան ամերիկացի և չինացի առաջնորդների հանդիպման նախապատրաստական փուլը։
Քննարկումներին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ կողմերը կարող են անդրադառնալ նաև արհեստական բանականության թեմային։ Բեսենթը չի բացահայտել առաջիկա հանդիպման օրակարգի մանրամասները։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեռ չի մեկնաբանել բանակցությունները։
Ավելի վաղ Բեսենթը խոստացել էր ուժեղացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը՝ հայտարարելով Թեհրանին ֆինանսավորման աղբյուրներից զրկելու մտադրության մասին։ Միաժամանակ Չինաստանը շարունակում է մնալ Իրանի գլխավոր տնտեսական գործընկերներից մեկը՝ գնելով նրա նավթային արտահանման զգալի մասը և ցուցաբերելով Թեհրանին դիվանագիտական աջակցություն։





























