Կոլումբիայի դատախազությունը երկրի նախկին արտգործնախարար Լաուրա Սարաբիային մեղադրել է լիազորությունները չարաշահելու մեջ այն բանից հետո, երբ նա հրահանգել էր իր դայակին ենթարկել պոլիգրաֆով ստուգման՝ իր բնակարանից գումարի անհետացման պատճառով, հայտնում է BBC News-ը։
Սկանդալը բռնկվել էր 2023 թվականին, երբ կոլումբիական Semana հանդեսը հայտնել էր, որ Սարաբիայի դայակ աշխատած Մարելբիս Մեսային տարել են պետական հաստատություն և միացրել ստի դետեկտորին։ Նրան հարցաքննել էին, պաշտոնյայի բնակարանից անհետացած մի քանի հազար դոլարի կապակցությամբ։
Այդ պահին Սարաբիան զբաղեցնում էր Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի վարչակազմի ղեկավարի պաշտոնը և նրա ամենամոտ խորհրդականներից մեկն էր։ 2023 թվականի հունիսին նա հեռացավ պաշտոնից, սակայն հետագայում նշանակվեց արտգործնախարար, իսկ այդ պաշտոնից հեռանալուց հետո՝ Մեծ Բրիտանիայում Կոլումբիայի դեսպան։
Ըստ դատախազության վարկածի՝ Սարաբիան չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ ոստիկանությանը հանձնարարելով ներգրավվել գումարի անհետացման հետաքննությանը, քանի որ տեղի ունեցածը կապ չուներ նրա պաշտոնական պարտականությունների հետ։ Քննությունը կարծում է, որ այս կերպ նա պետական ռեսուրսներն օգտագործել է անձնական նպատակներով։
Մեսան Semana-ին պատմել էր, որ Սարաբիայի վարորդն իրեն տարել է նախագահական պալատի դիմացի պետական շենք։ Ըստ կնոջ՝ կատարվածն իրեն առևանգում էր հիշեցնում։ Այնտեղ ոստիկանության աշխատակիցները նրան միացրել էին պոլիգրաֆին և սկսել հարցեր տալ անհետացած գումարի մասին։
Մեսան հերքել էր, որ գողացել է գումարը, այդ թվում՝ պոլիգրաֆով ստուգման ժամանակ։ Հետագա հարցազրույցներում էլ նա բազմիցս հայտարարել էր իր անմեղության մասին։
Դատական լսումների ընթացքում Սարաբիան մերժել է դատախազության մեղադրանքները՝ չբացահայտելով իր դիրքորոշման մանրամասները։ Ավելի վաղ նա սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ իր փաստաբանները զբաղվում են այդ գործով, իսկ ինքը հարգում է դատական մարմինների աշխատանքը և վստահում նրանց որոշումներին։
Սարաբիան 32 տարեկան է։ Նա համարվում էր Պետրոյի շրջապատի ամենաազդեցիկ դեմքերից մեկը․ Պետրոն Կոլումբիայի առաջին ձախակողմյան նախագահն էր և պաշտոնավարել է 2022 թվականից մինչև այս տարվա օգոստոսը։




























