Ամերիկացի զինվորականները խափանել են իրանական ուժերի՝ ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու փորձը, Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Կարող եմ հաստատել, որ վերջերս իրանական փոքր նավերը փորձել են տիրանալ ամերիկյան անօդաչու մակերևութային սարքին, սակայն ձախողվել են այն բանից հետո, երբ CENTCOM-ը վճռական արձագանք է տվել»,- հայտարարել է հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսը։

Ըստ նրա՝ ամերիկացի զինվորականները շարունակում են պահպանել սարքի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը։

CENTCOM-ի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ իրանական պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկուշաբթի ամերիկյան ուժերը հարձակվել են երկու ձկնորսական նավերի վրա։ Ամերիկյան հրամանատարությունը այդ միջադեպի մանրամասներ չի ներկայացրել։

Մակերևութային դրոնի գրավման փորձը տեղի է ունեցել ամերիկյան անօդաչու սարքին առնչվող մեկ այլ միջադեպի ֆոնին։ Ավելի վաղ Իրանը գրավել էր ամերիկյան Dive-LD ստորջրյա դրոնը, ինչը հաստատել էին այն մշակած Anduril ընկերությունն ու Պենտագոնը։

Anduril-ի հիմնադիրը հայտարարել է, որ Dive-LD-ն մի քանի ամիս գտնվել է Մերձավոր Արևելքի ջրերում։ Ըստ նրա՝ սարքը մշակվել էր՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գրավվելու հնարավորությունը և «զգալի արժեք էր ներկայացնում»։

Միաժամանակ Հոքինսն ավելի վաղ պնդել էր, որ Իրանի կողմից գրավված սարքը խափանված էր և պատկանում էր ավելի հին մոդելի։ Ըստ նրա՝ այն չէր հավաքում զգայուն տվյալներ և չէր համալրված գաղտնի հիդրոլոկացիոն կամ ռադիոլոկացիոն սարքավորումներով։