Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը գրել է․

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարության ամենաչհայանպաստ մասն այն չէ, որ հերթական անգամ ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող երթուղին անվանվել է «Զանգեզուրի միջանցք»։ Ամենամեծ խնդիրը հետևյալ ձևակերպումն է․ «Նախիջևան-Թուրքիա երթուղու 42 կմ հատվածն անցնում է Հայաստանի տարածքով»։

Այսինքն՝ Հարավային Կովկասում կառուցվող նոր միջազգային ավտոճանապարհը և երկաթուղին, որոնք արդեն գոյություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարսի մրցակիցն են լինելու, և որոնց մի մասն է լինելու Սյունիքի մարզով անցնող հատվածը (TRIPP-ը), Նախիջևանից հետո չեն մտնելու Հայաստան ու անցնելու Երևանով, այլ Նախիջևանից անմիջապես անցնելու են Թուրքիա։

Դա նշանակում է, որ այս միջազգային երթուղին գծվում և իրացվում է այնպես, որ հնարավորինս քիչ անցնի Հայաստանով, որպեսզի Հայաստանն ունենա հնարավորինս քիչ ներգրավվածություն, քիչ եկամուտ և քիչ ազդեցություն։

Չպետք է մոռանալ, որ այդ ճանապարհի եկամուտների 74 % էլ գնալու է ԱՄՆ-ին, այլ ոչ թե Հայաստանին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն իր տարածքով անցնող երթուղու եկամուտը ոչ ոքի հետ չի կիսելու և, ի տարբերություն Հայաստանի, անխոչընդոտ ճանապարհ ապահովելու պարտավորություն չի ստանձնել, որ մեր երկրով անցնող ճանապարհի վերաբերյալ ադրբեջանական ղեկավարն ասի, որ ադրբեջանցին հայի երես չի տեսնելու»։