Իրանի հետ պատերազմը ԱՄՆ զինված ուժերում հանգեցրել է որոշ տեսակի ռազմամթերքի պակասի և խնդիրներ ստեղծել դրանց համալրման հարցում, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի նոր զեկույցում, հաղորդում է BBC News-ը:
Անկախ գերատեսչության եզրակացությունները հակասում են նախագահ Դոնալդ Թրամփի բազմիցս արած այն հայտարարություններին, ըստ որոնց ամերիկյան ռազմամթերքի պաշարները գործնականում անսահմանափակ են։
Ըստ զեկույցի՝ փետրվարից հունիս ԱՄՆ-ը զինամթերքի վրա ծախսել է ավելի քան 22 միլիարդ դոլար։ Արդյունքում ռազմավարական պաշարներում պակաս է առաջացել, իսկ պաշտպանական արդյունաբերությունը բախվել է խոչընդոտների, որոնք խանգարում են զինանոցների ժամանակին համալրմանը։
Գլխավոր տեսուչը չի բացահայտել, թե կոնկրետ որքան ռազմամթերք է մնացել պահեստներում, սակայն մատնանշել է «ռազմավարական պաշարների դեֆիցիտի» առկայությունը և արտադրական բազայի խնդիրները։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ինչպես նշվում է փաստաթղթում, աշխատում է գնումների և արտադրության ժամկետների կրճատման վրա, որպեսզի վերացնի պակասը և կարողանա արագ արձագանքել նոր ռազմական ճգնաժամերին։
Զեկույցը դարձել է ամերիկյան սպառազինության պաշարների վիճակի մասին առաջին անկախ տեղեկատվական աղբյուրներից մեկը, որոնց մեծ մասը սովորաբար գաղտնի է պահվում։ Ավելի վաղ վերլուծաբանները ևս զգուշացնում էին որոշ համակարգերի պաշարների զգալի կրճատման մասին։
Մասնավորապես, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS)՝ հուլիսի վերջին արված գնահատմամբ, առանձին որսիչների պաշարները, դրանց թվում՝ Patriot հրթիռների և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի, որոշ դեպքերում կրճատվել են ավելի քան կիսով չափ։
Միաժամանակ Թրամփը բազմիցս հերքել է պակասի առկայությունը։ Սեպտեմբերին նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի ռազմամթերքի «գործնականում անսահմանափակ» քանակ, և որ երկիրը դրանք կուտակում է իրադարձությունների ցանկացած հնարավոր զարգացման դեպքում։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ևս սպառազինության պակասի մասին հաղորդումներն անվանել է ոչ հավաստի։
Ռազմամթերքի վրա կատարված ծախսերից բացի, փետրվարի 28-ից հունիսի 30-ը ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ 33,4 միլիարդ դոլար է ծախսել Իրանի հետ պատերազմի վրա։ Այդ գումարից 3,7 միլիարդ դոլարը բաժին է ընկել ռազմական տեխնիկայի կորուստներին, ևս 7,4 միլիարդ դոլարը՝ այլ ծախսերին։
Ոչնչացված տեխնիկայի թվում եղել են չորս F-15E կործանիչ, մեկ հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ F-35 կործանիչ և 30 MQ-9 անօդաչու թռչող սարք, ասվում է զեկույցում։
Պատերազմի ամբողջ ընթացքում Թրամփը բազմիցս հայտարարել է, որ հակամարտությունը կավարտվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելի ուշ նա ընդունել է, որ մարտական գործողությունները կարող են շարունակվել մինչև ԱՄՆ-ում նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների ավարտը։
Ըստ Reuters/Ipsos-ի սեպտեմբերի սկզբին հրապարակած հարցման՝ ամերիկացիների միայն 23%-ն է կարծում, որ ԱՄՆ-ն այժմ Իրանի հետ դիմակայությունում գտնվում է ավելի ուժեղ դիրքում, քան ռազմական գործողությունների սկսվելուց առաջ։



























