Իրանի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորցրել է իր գլոբալ հեգեմոնիան ռազմական ուժով պահպանելու հնարավորությունը, իսկ Իրանը և Պակիստանը պետք է տարածաշրջանային անվտանգության ոլորտում ամրապնդեն համագործակցությունը, հաղորդում է Tehran Times-ը։
«ԱՄՆ հեգեմոնիան ավարտվել է»,- հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ամիր Մոհամմադ Աքրամինյան։ Նա նշելէ, որ ԱՄՆ-ը գտնվում է անկման փուլում և վերածվել է «նյարդային խաղացողի», որը թուլացնում է իր միջազգային դիրքերը՝ խախտելով միջազգային իրավունքը և աջակցելով Իսրայելին։
Աքրամինյան հայտարարել է, որ վերջին պատերազմը ցույց տվեց՝ Վաշինգտոնի առաջնահերթությունը ոչ թե տարածաշրջանի անվտանգությունն է, այլ սեփական շահերը։ Նրա գնահատմամբ՝ արտաքին ուժերի կողմից ապահովվող անվտանգությունն ի վիճակի չէ երաշխավորել երկարաժամկետ խաղաղություն։
«Ծախսերի և օգուտների հարաբերակցության տեսանկյունից ԱՄՆ ռազմական հզորությունն այլևս չի կարող պահպանել հեգեմոնիան»,- պնդել է իրանցի գեներալը։ Նրա կարծիքով՝ ամերիկյան ազդեցության թուլացումը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Իրանն ու Պակիստանն ինքնուրույն ապահովեն տարածաշրջանում կայուն անվտանգություն՝ առանց «գաղութատիրական հավակնությունների»։
Միաժամանակ Աքրամինյանը Թեհրանի և Իսլամաբադի միջև համագործակցության ձևաչափի կամ ուղղությունների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չի ներկայացրել։
Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Իրանը փորձում է ամրապնդել տարածաշրջանային կապերը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջերս տեղի ունեցած հակամարտությունից հետո։ Թեհրանը հետևողականորեն հանդես է գալիս Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ներկայության դեմ և պնդում, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի պետությունները։





























