Անուշ Էլբակյանը նշանակվել է ամերիկյան The Boston Globe թերթի՝ ԱՄՆ-ի առաջատար պարբերականներից մեկի, տեսառազմավարության ավագ տնօրեն։ Նա խմբագրությունում սկսել է աշխատել որպես փորձնակ 2012 թվականին և այդ ժամանակվանից զբաղվել է պարբերականի վիդեոուղղության զարգացմամբ։

Նշանակման մասին հայտնել է The Boston Globe-ի թվային ռազմավարության ղեկավար խմբագիր Ջեյսոն Թուին։

«Դժվար է պատկերացնել Globe-ի տեսանյութերն առանց Անուշի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ աշխատանքի տարիներին Էլբակյանը ձևավորել է խմբագրության մոտեցումը տեսանյութերի արտադրությանը և գլխավորել է թիմը, որը նա անվանել է ոլորտի լավագույններից մեկը։

Թուին նշել է, որ Էլբակյանի՝ տեսանյութերի արտադրության առանձնահատկությունների խորքային իմացությունն ու նրա ստեղծագործական մոտեցումն օգնել են խմբագրությանը զարգացնել այս ուղղությունը արագ փոփոխվող մեդիամիջավայրում։ Նա նշել է նաև, որ տեսանյութերը կենտրոնական դեր են խաղալու լրագրության ապագայում, իսկ Էլբակյանն ունի այդ ուղղությունը ղեկավարելու համար անհրաժեշտ փորձը։

Էլբակյանը միացել է The Boston Globe-ին 2012 թվականին՝ որպես փորձնակ, և այդ ժամանակվանից շարունակել է աշխատել խմբագրությունում՝ աստիճանաբար զբաղեցնելով ավելի պատասխանատու պաշտոններ և մասնակցելով դրա տեսառազմավարության զարգացմանը։

«Շնորհավորում ենք նրան՝ ինչպես իր, այնպես էլ մեր համար այս կարևոր նոր փուլի կապակցությամբ»,- հայտարարել է Թուին։