Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին շաբաթներին երկու անգամ փորձել է անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել այն ինքնաթիռի վրա, որում գտնվել է ինքը։
«Մոլդովայում իմ նախագահական ինքնաթիռն էր, և հենց դրա համար էլ նրանք հարձակվել են Մոլդովայի վրա»,- ասել է Զելենսկին CBS News-ին երեքշաբթի տված բացառիկ հարցազրույցում։
Նա նշել է, որ Ուկրաինա վերադառնալու ընթացքում՝ Քիշնևով անցնելիս նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել։
Ավելի վաղ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտնել էր, որ Զելենսկու ինքնաթիռը «գրեթե հայտնվել է» անօդաչու թռչող սարքի հարվածի տակ Մոլդովայի օդային տարածքում, երբ Ուկրաինայի նախագահը սեպտեմբերի 9-ին Քիշնևից մեկնում էր Օսլո։ Ըստ Ստյորեի՝ դա տեղի է ունեցել Նորվեգիա Զելենսկու այցի ֆոնին՝ թագավոր Հարալդ V-ի հուղարկավորությանը մասնակցելու համար։
Այժմ Զելենսկին CBS News-ին հայտնել է, որ մեկ կամ երկու անօդաչու թռչող սարք ևս մի քանի օր անց՝ Ուկրաինա վերադառնալու ընթացքում, նույնպես մտել են Մոլդովայի օդային տարածք։ Այդ միջադեպի մասին նախկինում չէր հաղորդվել։
Ավելի ուշ ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ նախագահական պատվիրակության բոլոր անդամներն անվտանգ են։ Միևնույն ժամանակ, այդ պահին դեռևս պարզ չէր՝ արդյոք միջադեպը դիտավորյալ էր։ Զելենսկին կարծում է, որ երկու դեպքերն էլ եղել են իրեն և այլ օտարերկրյա առաջնորդներին ահաբեկելու ռուսական ռազմավարության մաս։
«Հնարավոր է՝ նրանք չգիտեին, որ այնտեղ ամերիկացիներ կային, կամ գուցե, հակառակը, գիտեին, որովհետև ես նրանց չեմ վստահում։ Կարծում եմ՝ նրանք գիտեին»,- ասել է Զելենսկին՝ մեկնաբանելով մյուս միջադեպը։




























