Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք։ Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրը հայտնաբերվել է բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը՝ խմելու և կենցաղային նպատակներով: