ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ արհեստական գերբանականության մշակման մշտական արգելք սահմանող օրինագիծ կներկայացնի՝ նախազգուշացնելով մարդու բանականությունը գերազանցող մեքենաների ստեղծման հնարավոր աղետալի հետևանքների մասին, հաղորդում է BBC News-ը։
«Եթե արհեստական բանականությունը գերազանցի մարդկային բանականությանը, ինչպես կանխատեսում են փորձագետները, դա կարող է հանգեցնել հնարավոր աղետալի հետևանքների»,- ասել է Սանդերսը։
Նա նշել է, որ օրինագիծը նախատեսում է ոչ միայն արհեստական գերբանականության մշակման մշտական արգելք, այլև առաջադեմ ԱԲ համակարգերի զարգացման անհապաղ կասեցում, մինչև ԱՄՆ-ում հստակ անվտանգության կանոններ սահմանվեն։ Դրանք, սենատորի գնահատմամբ, պետք է այդ ոլորտում ամենահմուտ ամերիկացի գիտնականները մշակեն։
Ավելի վաղ Սանդերսը կոնգրեսական Գրեգ Կասարի հետ միասին արդեն հայտարարել էր Ban Artificial Superintelligence Act օրենքի նախապատրաստման մասին։ Նախաձեռնությունը նախատեսում է գերբանականության մշակման և օգտագործման մշտական արգելք, ինչպես նաև առաջադեմ ԱԲ-ի զարգացման ժամանակավոր կասեցում՝ մինչև դաշնային կարգավորիչ մարմնի ստեղծումը և անվտանգության կանոնների ներդրումը։
Սանդերսը միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հաջորդ շաբաթ Վաշինգտոնում անցկացվելիք հանդիպման ընթացքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել արհեստական բանականության անվտանգությունը։ Նրա կարծիքով՝ երկու երկրների առաջնորդները պետք է պայմանավորվեն առաջադեմ ԱԲ-ի մշակումը կասեցնելու և գերբանականության ստեղծումն արգելելու շուրջ։
«Մարդու վերահսկողությունից դուրս եկած գերբանական ԱԲ-ն պարզապես Ամերիկայի խնդիրը չի լինելու։ Դա Չինաստանի խնդիրը չի լինելու։ Դա լինելու է համայն մարդկության խնդիրը»,- հայտարարել է սենատորը։
Վերջին շաբաթներին Սանդերսը բազմիցս ամերիկյան իշխանություններին և տեխնոլոգիական ընկերություններին կոչ է արել դանդաղեցնել ԱԲ-ի զարգացումը։ Օգոստոսին նա Anthropic-ից, Meta-ից և OpenAI-ից պահանջել էր անհապաղ կասեցնել արհեստական բանականության մշակումը՝ հայտարարելով, որ ընկերությունները կորցնում են իրենց ստեղծած տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողությունը։
Սանդերսի նախաձեռնությունը հայտնվել է ԱՄՆ-ում առաջադեմ ԱԲ-ի ռիսկերի շուրջ ուժգնացող վեճերի ֆոնին։ Ընդսմին, Թրամփի վարչակազմը դեմ է տեխնոլոգիաների զարգացման մորատորիումին՝ համարելով, որ չափազանց խիստ կարգավորումը սպառնում է Չինաստանի հետ ամերիկյան մրցունակությանը։




























