ԱՄՆ-ի պատերազմն Իրանի հետամերիկյան Պաշտպանության նախարարության վրա արդեն նստել է մոտ 38 միլիարդ դոլար, իսկ ռազմական գործողությունների հետագա վարումը, դրանց ինտենսիվությունից կախված, կարժենա ամսական 2-ից 3 միլիարդ դոլար։ Դրա մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության (CBO)՝ երեքշաբթի հրապարակած զեկույցում։

CBO-ն գնահատել է Պենտագոնի ծախսերը օգոստոսի 1-ի դրությամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից մոտ հինգ ամիս անց։ Այս գումարի մեջ ներառվել են ծախսված զինամթերքի և մարտերում կորցրած տեխնիկայի փոխարինման, թռիչքների թվի ավելացման, այլ ռազմական գործողությունների, ինչպես նաև վառելիքի հետ կապված ծախսերը։ Ընդ որում, գնահատականը չի ներառում հակամարտությունում ներգրավված ռազմական ուժերի պահպանման բազային ծախսերը, որոնք արդեն նախատեսված են դաշնային բյուջեում։

CBO-ի հաշվարկներով՝ եթե ռազմական գործողությունների ինտենսիվությունը մնա մայիսի և հունիսի մակարդակին, լրացուցիչ ծախսերը կկազմեն ամսական մոտ 2 միլիարդ դոլար։ Եթե հակամարտությունը շարունակվի հուլիսին համադրելի ինտենսիվությամբ, ամսական ծախսերը կաճեն՝ հասնելով մոտ 3 միլիարդ դոլարի։ Ռազմական գործողությունների հետագա ընդլայնման դեպքում դրանք կարող են ավելի բարձր լինել։

Բյուջետային վարչությունը նշում է, որ իր գնահատականն ունի զգալի անորոշության աստիճան. Պենտագոնը չի պատասխանել անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ CBO-ի հարցումներին, ուստի վերլուծաբաններն օգտագործել են պետական տվյալների բազաներ և բաց աղբյուրներ։

Ամերիկյան զինված ուժերի համար պատերազմի ամենալուրջ հետևանքներից մեկը CBO-ն համարում է հակահրթիռային հրթիռների պաշարների կրճատումը։ Դրանց ծախսումը կհանգեցնի պաշարների նվազմանը մի քանի տարով, ինչը կարող է խնդիրներ ստեղծել նոր հակամարտության դեպքում այնպիսի հակառակորդի հետ, որն ունի մեծ քանակությամբ բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Որպես օրինակ CBO-ն բերում է Չինաստանը, որի հրթիռային զինանոցը կարող է նշանակալի դեր խաղալ Թայվանի շուրջ հնարավոր հակամարտությունում։

Հակամարտությունը նաև ազդում է ամերիկյան տնտեսության վրա՝ էներգակիրների գների աճի միջոցով։ Հորմուզի նեղուցով նավթի և գազի մատակարարումների կրճատումը և Կարմիր ծովում նավագնացության խափանումները հանգեցրել են էներգակիրների համաշխարհային գների աճին։ CBO-ն ակնկալում է, որ 2027 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ում գնաճը կլինի 0,5 տոկոսային կետով ավելի բարձր, քան վարչությունը կանխատեսել էր փետրվարին։ Հիմնական գնաճը, որը չի ներառում սննդամթերքն ու էներգակիրները, կլինի 0,3 տոկոսային կետով ավելի բարձր, քան նախորդ կանխատեսմամբ։

Միևնույն ժամանակ, CBO-ն չի կարողացել գնահատել որոշ հնարավոր լրացուցիչ ծախսեր, որոնց թվում՝ դիվանագիտական գործողությունների և արտաքին օգնության հետ կապված. դրանց ծավալը կախված կլինի հակամարտության հետագա զարգացումից։