ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի ևս մեկ քայլ կատարեց Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունման ուղղությամբ՝ հաղթահարելով ընթացակարգային խոչընդոտը, որը ճանապարհ է բացում վերջնական քվեարկության համար, գրում է The Hill։

Համապատասխան որոշման օգտին քվեարկեց 214 կոնգրեսական, դեմ՝ 211-ը։ Օրինագծի վերջնական քվեարկությունը սպասվում է սեպտեմբերի 16-ին։

Օրինագիծը, որը հայտնի է որպես Lindsey O. Graham Sanctioning Russia and Iran Act, նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնում և Իրանի դեմ գործող պատժամիջոցների երկարաձգում։ Բացի այդ, այն նախագահ Դոնալդ Թրամփին լիազորություններ կտա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ և գազ։

Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է մինչև 100% մաքսատուրքերի սահմանման հնարավորություն ռուսական նավթի կամ բնական գազի հինգ խոշորագույն գնորդներից, ինչպես նաև այն հինգ երկրներից ապրանքների նկատմամբ, որոնք, ամերիկյան իշխանությունների գնահատմամբ, օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Հնարավոր ազդեցության տակ հայտնվող երկրների թվում են Չինաստանը և Հնդկաստանը։

Օրինագծի առաջխաղացումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ երկու դեմոկրատներ՝ Մենի նահանգից Ջարեդ Գոլդենը և Վաշինգտոն նահանգից Մարի Գլյուզենկամպ Պերեսը, կրկին քվեարկեցին հանրապետականների հետ միասին։ Նրանց որոշումը հատկապես ուշագրավ է նրանով, որ ընթացակարգային կանոնների վերաբերյալ քվեարկությունը սովորաբար համարվում է կուսակցական կարգապահության ստուգում, և դեմոկրատները հազվադեպ են աջակցում հանրապետական ղեկավարության նման նախաձեռնություններին։

Օրինագիծը գրեթե մեկուկես տարի գտնվել է բանակցությունների փուլում և բախվել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների դիմադրությանը։ Օրինակ, Թենեսիից հանրապետական Թիմ Բըրչեթը դեմոկրատների հետ միասին քվեարկեց ընթացակարգային որոշման դեմ։ Նա հայտարարել է, որ կուսակցության ղեկավարությունից խոստում է ստացել ԱՄՆ-ում վառելիքի գները նվազեցնելու առանձին միջոցները քվեարկության դնելու վերաբերյալ։

Օրինագծի գլխավոր կողմնակիցներից մեկը՝ Տեխասից հանրապետական Մայքլ Մաքքոլը, այն անվանել է կարևոր ազդակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության մասին։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պետք է նաև նախազգուշացնի Չինաստանին Թայվանի դեմ հնարավոր ագրեսիայի հետևանքների մասին։

Դեմոկրատների շարքերում օրինագծի հակառակորդները հայտարարում են, որ փաստաթուղթը չափազանց ընդլայնում է նախագահի լիազորությունները մաքսատուրքերի ոլորտում։ Կոնգրեսականներ Դոն Բայերը, Գրեգորի Միքսը և Ռիչարդ Նիլը ավելի վաղ պնդում էին, որ օրինագիծը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում գների աճին և թուլացնել Ուկրաինայի երկարաժամկետ աջակցությունը։

Թրամփի որոշ քննադատներ նույնպես հանդես են եկել օրինագծի ձախողման դեմ։ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելու համար դրա ընդունման քաղաքական ազդեցությունը ավելի կարևոր կլինի, քան նախագահի մաքսային լիազորությունների ընդլայնման հետ կապված բացասական հետևանքները։ Միևնույն ժամանակ նա կասկած է հայտնել, որ Թրամփն իսկապես կօգտվի իրեն տրված լիազորություններից՝ առավել խիստ պատժամիջոցներ սահմանելու համար։

Ռուսական էներգիայի գնորդների նկատմամբ սահմանափակումներից բացի, օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ ռուս զինվորականների և պաշտոնյաների, օտարերկրյա մատակարարների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին, ինչպես նաև այսպես կոչված ստվերային նավատորմի մասնակիցների դեմ, որը օգտագործվում է նավթային պատժամիջոցները շրջանցելու համար։ Փաստաթուղթը նաև արգելում է ԱՄՆ-ի նոր ներդրումները Ռուսաստանում և սահմանում է սահմանափակումներ երկիր արտահանվող այն ապրանքների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Առանձին դրույթները վերաբերում են ուկրաինացի երեխաների առևանգմանը առնչվող անձանց և նախատեսում են Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգում։

Ներկայացուցիչների պալատում քվեարկությունն ընթանում է «Ուկրաինայի գործողությունների գագաթնաժողովի» ֆոնին՝ Վաշինգտոնում իրականացվող լայնածավալ լոբբիստական արշավի շրջանակում, որի մասնակիցները Կոնգրեսին կոչ են անում ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնությանը մասնակցում են ավելի քան 600 կազմակերպությունների ներկայացուցիչներ 50 նահանգներից և Պուերտո Ռիկոյից։