ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվում է 7 միլիարդ դոլար, հաշվարկել է Forbes պարբերականը։
Սա 2,7 միլիարդ դոլարով ավելի է, քան 2024 թվականի նախագահական ընտրություններում նրա հաղթանակի պահին, սակայն վերջին մեկ տարում Թրամփի կարողությունը կրճատվել է մոտ 300 միլիոն դոլարով։
Թրամփի կարողության կտրուկ աճում Սպիտակ տուն վերադառնալուց հետո հիմնական դեր են խաղացել կրիպտոարժութային նախագծերն ու արտասահմանյան գործարքները։ Forbes-ի գնահատմամբ՝ այժմ նրա կարողության շուրջ 2,4 միլիարդ դոլարը բաժին է ընկնում կրիպտոարժույթին և իրացվելի ակտիվներին։
Այս կատեգորիայի ամենախոշոր բաղադրիչը իրացվելի ակտիվներն են՝ մոտ 1,9 միլիարդ դոլար արժեքով։ Forbes-ը դրանց աճը կապում է նաև կրիպտոարժույթի վաճառքից ստացված եկամուտների և դրա հետ կապված ձեռնարկություններից մեկում ունեցած բաժնեմասի հետ։ Միջոցների մի մասը Թրամփը ստացել է իրեն պատկանող բաժնեմասի վաճառքից հետո, ինչպես նաև ավելի վաղ համալրել է իր դրամական պահուստները Վաշինգտոնում գտնվող հյուրանոցի վաճառքի և Սան Ֆրանցիսկոյում անշարժ գույքի օբյեկտի վերաֆինանսավորման հաշվին։
Թրամփին պատկանող մեմքոյնները Forbes-ը գնահատում է ևս մոտ 183 միլիոն դոլար։ World Liberty Financial կրիպտոարժութային նախագծում ունեցած բաժնեմասը գնահատվում է 78 միլիոն դոլար, իսկ դրա հետ կապված USD1 ստեյբլքոյնի բիզնեսը՝ ևս 233 միլիոն դոլար։ Այս ակտիվները զգալիորեն աճել էին ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո, սակայն հետո դրանց արժեքը նվազել է կրիպտոշուկայի անկման ֆոնին։
ԱՄՆ նախագահի կարողության երկրորդ խոշորագույն աղբյուրը նրա գոլֆ-ակումբներն ու առողջարաններն են։ Forbes-ը դրանց համախառն արժեքը գնահատում է մոտ 1,8 միլիարդ դոլար։ Այս գումարի մեջ ներառված են ամերիկյան տասը գոլֆ-ակումբ, Ֆլորիդայում գտնվող Mar-a-Lago առողջարանը, Trump National Doral Miami-ն և եվրոպական երեք օբյեկտ՝ երկուսը Շոտլանդիայում և մեկը Իռլանդիայում։ Mar-a-Lago-ի արժեքը գնահատվում է 650 միլիոն դոլար, իսկ Թրամփի բաժնեմասը Trump National Doral-ում՝ մոտ 365 միլիոն դոլար՝ պարտքերը հանելուց հետո։
Եվս մոտ 1,1 միլիարդ դոլար բաժին է ընկնում անշարժ գույքի ներդրումներին։ Ամենախոշոր ակտիվների թվում են Նյու Յորքի և Սան Ֆրանցիսկոյի գրասենյակային-առևտրային համալիրներում ունեցած բաժնեմասերը, Trump Tower-ը, Ֆլորիդայի բնակելի օբյեկտները, ինչպես նաև այլ շենքեր և հողամասեր։ Ընդ որում, անշարժ գույքի արժեքի մի մասը վերաբերում է պարտքերով ակտիվների, որոնք Forbes-ը հանում է կարողության հաշվարկից։
Մոտ 1 միլիարդ դոլար Forbes-ը գնահատում է Թրամփին պատկանող բաժնեմասը Trump Media & Technology Group-ում՝ այն ընկերությունում, որին պատկանում է Truth Social սոցիալական ցանցը։ Ընդ որում, ընկերության ֆինանսական ցուցանիշները շարունակում են մնալ թույլ․ 2025 թվականին այն ստացել է ընդամենը 3,7 միլիոն դոլար հասույթ և գրանցել 712 միլիոն դոլարի մաքուր վնաս։ Վերջին մեկ տարում Trump Media-ի բաժնետոմսերի արժեքի անկումը դարձել է Թրամփի կարողության կրճատման գլխավոր գործոններից մեկը։
Եվս մոտ 700 միլիոն դոլար Forbes-ը դասում է Թրամփի այլ ակտիվների շարքին։ Այս գումարի ամենախոշոր մասը նրա լիցենզավորման և կառավարման բիզնեսն է, որի արժեքը գնահատվում է 655 միլիոն դոլար։ Բացի այդ, նախագահն ունի ինքնաթիռ և ուղղաթիռ, արտադրանքի լիցենզավորման բիզնեսում բաժնեմաս, կենսաթոշակային ակտիվներ և այլ ներդրումներ։
Միաժամանակ Forbes-ը հաշվառում է նաև մոտ 140 միլիոն դոլարի լրացուցիչ պարտավորություններ։ Դրանցից մոտ 94 միլիոն դոլարը վերաբերում է իրավական պարտավորություններին, իսկ ևս մոտ 50 միլիոն դոլարը՝ ակտիվների գրավով ապահովված վարկային գծին։
Այսպիսով, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գնահատականի նվազմանը, Թրամփի կարողությունը շարունակում է զգալիորեն բարձր մնալ այն մակարդակից, որը Forbes-ը գրանցել էր 2024 թվականի ընտրություններում նրա հաղթանակից հետո։
Պարբերականի տվյալներով՝ հենց կրիպտոարժութային նախագծերն ու գործարքները, որոնք կնքվել են Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո, ապահովել են այս աճի զգալի մասը։





























