Լիբանանի դախազությունը պահանջել է մեղադրանք առաջադրել երկրի նախկին նախագահ Միշել Աունի նկատմամբ՝ 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով դատական իր աղբյուրին։

Լիբանանի Վճռաբեկ դատարանի դատախազը դիմել է հետաքննությունը վարող դատավոր Թարեք Բիտարին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Աունին։ Ըստ աղբյուրի՝ դատախազությունը գտնում է, որ նախկին նախագահը նախապես իմացել է նավահանգստում ամոնիումի նիտրատի առկայության և դրա պահպանման վտանգների մասին, սակայն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել և հարցը չի ներկայացրել Պաշտպանության բարձրագույն խորհրդի քննարկմանը։

Մեղադրանք առաջադրելու վերջնական որոշումը պետք է կայացնի դատավոր Բիտարը, ով, ինչպես սպասվում է, իր դիրքորոշումը կհայտնի առաջիկա շաբաթներին։ Ընդ որում, դատավորը կաշկանդված չէ դատախազության եզրակացություններով և իրավասու է ինքնուրույն գնահատել քննության նյութերը։

Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին։ Այն խլեց ավելի քան 220 մարդու կյանք, 6,5 հազարից ավելին ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ մայրաքաղաքի զգալի մասն ավերվեց։ Լիբանանյան իշխանությունների վարկածով՝ աղետի պատճառը պահեստում բռնկված հրդեհն էր, որտեղ տարիներ շարունակ անանվտանգ պայմաններում պահվում էին հազարավոր տոննա ամոնիումի նիտրատ։

Հետաքննությունը ձգձգվում է արդեն վեց տարի և քաղաքական ու իրավական տարաձայնությունների պատճառով պարբերաբար ընդհատվել է։ Դատավոր Բիտարն ավարտել է քննչական փուլը 2026 թվականի մարտի 30-ին և նյութերը փոխանցել Վճռաբեկ դատախազությանը՝ իրավական դիրքորոշում ձևավորելու համար։ Երեքշաբթի օրը դատախազ Մոհամմադ Սաաբը Բիտարին է ներկայացրել դատախազության եզրակացությունը, որտեղ հստակեցված է ավելի քան 70 անձանց պատասխանատվությունը․ նրանց թվում են գործող և նախկին քաղաքական գործիչներ, ուժային կառույցների աշխատակիցներ ու պետական ծառայողներ։

Փաստաթղթով դատախազությունը կարող է պահանջել պատասխանատվության ենթարկել նաև նոր անձանց, ովքեր մինչ այս չեն անցել գործով որպես մեղադրյալ։ Այս պահանջն ընդունելու դեպքում Բիտարը ստիպված կլինի նրանց լրացուցիչ հարցաքննության կանչել։ Իսկ երբ դատավորը վերջնականապես հաստատի մեղադրական եզրակացությունը, գործը կփոխանցվի Բարձրագույն դատական խորհուրդ։

Ինչ վերաբերում է հետաքննությանը, այն փաստացի կանգ էր առել դեռևս 2023 թվականին։ Պատճառը Բիտարին պաշտոնանկ անելու պահանջով «Հեզբոլլահի» ծավալած ակտիվ պայքարն էր, ինչպես նաև նրա դեմ ներկայացված բազմաթիվ ինքնաբացարկի հայցերը։

Դատավորը վերսկսել է իր աշխատանքը 2025 թվականին՝ Լիբանանում քաղաքական ուժերի դասավորվածության փոփոխությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր վերացվել են նաև հետաքննությանը խոչընդոտող մի շարք իրավական արգելքներ, այդ թվում՝ չեղարկվել է Բիտարի՝ երկրից ելքի սահմանափակումը։